Մայր աթոռ սուրբ Էջմիածինը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուն գույքահարկի եւ հողի հարկի արտոնություններ տալու վերաբերյալ օրինագծի վերաբերյալ, որը քննարկվում է ԱԺ-ում:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հոկտեմբեր 25-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման դրվեցին եւ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Գույքի հարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում առաջարկված փոփոխությունները` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն գույքի եւ հողի հարկերից ազատելու վերաբերյալ:

Այս առնչությամբ հասարակության մեջ, լրատվամիջոցներում ընթացող քննարկումների եւ հնչող քննադատության առիթով հարկ ենք համարում տեղեկացնել հետեւյալը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է օրենքներում համապատասխան այդ փոփոխությունների որդեգրումը, ինչն արտահայությունն է հայրենի պետության կարեւոր զորակցության՝ Մայր Եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի իր հոգեւոր առաքելության իրականացման ճանապարհին:

Ինչ վերաբերում է ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակին եւ դրանում տեղ գտած տարակուսանք առաջացնող անուններով կառույցներին, ապա դրանք ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են Եկեղեցուն կամ ձեռք բերվել եւ դեռ արձանագրված են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգեւոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով: 

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, եւ Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգեւոր գրականության վաճառքի եւ ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ օրինագիծն ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ հարկային արտոնությունների ենթակա օբյեկտների շարքում ներկայացվել է 286 կառույցի ցանկ, այդ թվում հողատարածք` 20 հատ, հողամաս` 45 հատ, բնակարան` 35, առանձնատուն` 4, ճաշարան` 4, արոտ, արոտավայր` 4, վարելահող` 4, կինոթատրոն` 2, արտադրամաս` 4, ֆուտբոլի մարզադաշտ` շրջակա կառույցներով` 11, արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան` 2 եւ այլն: «Ինչո՞վ է ֆուտբոլի դաշտին տրվելիք հարկային այդ արտոնությունը նպաստելու հոգեւոր այն խնդիրներին, որոնք լուծելու է Մայր Աթոռը»,- հետաքրքվել է Ն. Զոհրաբյանը: