Պետք չէ Հայաստանի խնդիրները վերագրել անձերին. նրանք ընդամենը համակարգին են սպասարկում: Հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:
Ըստ նրա` հանրության գլխավոր սխալներից մեկը խնդիրները անձերի հետ նույնացնելն է. «Բանակում մի բան է պատահում, մեղադրում են Սեյրան Օհանյանին, արտագաղթը աճում է, մեղադրում են նախագահին, քաղաքային տնտեսության ոլորտում խնդիր կա, հիշում են քաղաքապետին: Սակայն նրանցից առաջ եղել են շատ քաղաքապետեր, նախարարներ, նախագահներ, ովքեր ոչ մի կերպով չեն փոխել իրավիճակը: Անձերը սպասարկում են համակարգին, որն էլ, իր հերթին, սպասարկում է նրանց»:
Շիրխանյանի կարծիքով, ընդդիմությունը նախորդ տարիների ընթացքում չկարողացավ հանրության վստահությունը վայելող քաղաքական ծրագրով ներկայանալ. «Մենք չենք տեսնում այն ընտրազանգվածը, որը կգնա այդ ծրագրի հետեւից եւ ընտրությունների միջոցով իշխանափոխություն կապահովի: Այդ պատճառով բոլոր ներքաղաքական խմորումները հանգում են կոչումների եւ աթոռների մրցակցության»:
Նրա խոսքով` հարցը կարող է լուծվել միայն պետական կառավարման լիբերալ համակարգից հրաժարվելու, սոցիալիստական կառավարման համակարգ հաստատելու եւ սոցիալական հավասարություն ապահովելու եղանակով:




























