Իտալիայի խորհրդարանում, երեկ` հոկտեմբերի 26-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել,որին մասնակցել են առնվազն 4 պատգամավորներ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին, նման բուռն պարզաբանումների պատճառը եղել է խորհրդարանի ներքին պալատի խոսնակ եւ «Ապագա եւ ազատություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ջանֆրանկո Ֆինիի խոսքը, որը հնչել էր մեկ օր առաջ` հեռուստատեսության ուղիղ եթերում:

Նրա խոսքով, իշխող կոալիցիայի անդամ «Հյուսիսային լիգա» կուսակցության նախագահ Ումբերտո Բոսսիի կինը թոշակի է գնացել 39 տարեկան հասակում եւ ստանում է 766 եվրո նպաստ:

Corriere Della Sera պարբերականի տվյալներով, «Հյուսիսային լիգայի» խորհրդարանական խմբակցության նախագահը, խորհրդարանի նիստի ժամանակ Ֆինիի խոսքերը «վրդովվեցուցիչ» է համարել, իսկ «Հյուսիսային լիգայի» պատգամավորները բարձր գոչյուններով սկսել են պահանջել խորհրդարանի խոսնակի հրաժարականը:

«Ապագա եւ ազատություն» խմբակցության ղեկավարի պատասխան ելույթի ժամանակ վեճ է ծագել: Երկու պատգամավորներ բռնել են իրար կոկորդից, իսկ մյուսները փորձել են բաժանել «աքլորացած» պատգամավորներին: