Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 27-ին, որոշեց մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում դրա 49 տոկոսի չափով, եւ այդ նպատակով 10 հազար դրամ անվանական արժեքով գնել ընդամենը 490 բաժնետոմս։
Հատկանշական է,. որ սույն որոշման նախագիծը ներկայացրել է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունը, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Նշված 4.9 մլն դրամն էլ կհատկացվի հենց կառավարության աշխատակազմին: Որոշվել է նաեւ «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ կապիտալում ՀՀ պետական բաժնեմասի կառավարման իրավասությունը լիազորել ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ։
«Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն իր գործունեությամբ աջակցում է ժամանակակից ապակեպատ ջեռուցվող եւ պոլիէթիլենային չջեռուցվող ջերմոցների, սառնարանային տնտեսությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ հայկական բերքի արտահանման համար անհրաժեշտ այլ կարողությունների ձեւավորմանը եւ զարգացմանը:
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` այս փորձնական ծրագիրն աշխատատեղերի բավական մեծ աճ է խոստանում: «Եթե ջերմոցային տնտեսությունների զարգացման այս մոդելն իրեն արդարացնի, ապա մենք Հայաստանում՝ ջերմոցային տնտեսությունների մեծ ցանց ունենալու շնորհիվ ակնկալում ենք 40-50 հազար աշխատատեղերի ստեղծում։ Հիմնվող ընկերության նպատակը Հայաստանի Հանրապետությունում նման բիզնես ծրագրերի ներդրմանն օժանդակելն է»,-կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Տ. Սարգսյանը։




























