Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր Արագածոտնի մարզ այցելության շրջանակում, եղել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» գինու գործարան»:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին եւ զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ գործարանի հնեցման մառանի հիմնարկեքի արարողությունը:
Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 5 հա տարածք զբաղեցնող գործարանի շինարարական աշխատանքներն սկսվել են 2008թ.: Ըստ բիզնես նախագծի, գինեգործական այս ագարակում շինարարական աշխատանքները կընթանան առաջիկա 7 տարիների ընթացքում եւ կներառեն կոնյակի կուպաժի եւ հնեցման արտադրամասերը, զբոսաշրջության կենտրոնը, այդ թվում՝ հյուրանոցային եւ ռեստորանային համալիրը, ազգային արվեստանոցները, գինեգործական թանգարանի կառուցման աշխատանքները: «Արմենիա վայն» ագարակն այդ ամենի արդյունքում կհիշեցնի հին հայկական բերդավան: Այդ նպատակով բոլոր շենքներն ու շինությունները զարդարվում են հայկական դասական ճարտարապետության ձեռագործ զարդաքանդակներով:
Նշվել է, որ «Արմենիա Վայն» ընկերության նպատակն է՝ վերականգնել գինեգործական ավանդույթները Հայաստանում: Գործարանի արտադրամասերը ներկայումս հագեցած են գինեգործական ամենաժամանակակից սարքավորումներով: Տեխնոլոգիական գործընթացները կատարվում են եվրոպական չափանիշներին համապատասխան:
Նախագահը հաջողություն է մաղթել գործարանի զարգացման ծրագրերի իրականցմանը:
Բցի այդ, Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն: Եռահարկ մշակույթի կենտրոնի վերանորգման աշխատանքները մեկնարկել են 2007թ.: Այստեղ կտեղակայվեն համայնքային ենթակայության մի քանի կազմակերպություններ՝ Ապարանի մշակույթի տունը, պատմության թանգարանը, գեղարվեստի դպրոցը: Առանձին հարկաբաժին է զբաղեցնում համայնքային գրադարանը: 2007-2011թթ. ընթացքում իրականացված հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 225.28 մլն դրամ:




























