Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում հսկայական է: Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը` հոկտեմբերի 28-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ

Քաղաքագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը ներկայացված է տարածաշրջանում որպես ռազմակայան, նա Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ինչը ստեղծում է մի շարք փոխադարձ պարտականություններ: Ինչպես նշել է Մելիքյանը, ընտրությունների նախօրեին հայ քաղաքական ուժերը փորձում են ընդգծել իրենց հարաբերությունները ՌԴ-ի  հետ, շեշտել այդ հարաբերությունների խորությունը եւ ուժը: Ռուսաստանը դա հասկանում է եւ օգտագործում իր շահերից ելնելով: Այս համատեքստում Մելիքյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության 50%-ը կախված է Ռուսաստանից, ընդ որում` նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտը: Ձեռնպահ մնալով գնահատականներ տալուց, թե արդյոք Հայաստանը, այս կերպ,  կախում ունի Ռուսաստանից, թե ոչ,   Արման Մելիքյանը ամեն դեպքում հիշեցրել է, որ երբ իշխանությունը կախում ունի, ժողովրդի բարեկամական զգացմունքների մասին խոսել չի կարելի:

Պատասխանելով Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականության հաջողվածության աստիճանի մասին հարցին` Մելիքյանը նշել է, որ ոչ թե պետք է մտածել, թե ում հետ բարեկամանալ, այլ` թե ինչ աստիճանի բարեկամանալ: Քաղաքական գործչի կարծիքով` կառավարման որակի տեսանկյունից մենք Ռուսաստանի վատ կրկնօրինակն ենք` ծաղկում է կոռուպցիան, բարոյական արժեքները աղավաղված են: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետաքրքրվածությանը  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերադարձնելու հարցում, Արման Մելիքյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի անունը Հայաստանում կապվում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ.  «Ես չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ դա փոխվի»: Ըստ Մելիքյանի` այս հանգամանքների պայմաններում Սերժ Սարգսյանին  Ռոբերտ Քոչարյանով  փոխարինելն անիմաստ է: Նրա խոսքով` մեկ այլ բան է, որ Քոչարյանը դիտարկվում է որպես պահեստային տարբերակ, եւ նրան նյութական անձեռնմխելիության երաշխիքներ կտրվեն:

Քաղաքական գործիչը նաեւ ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմը Ռուսաստանի համար խնդիր չի ստեղծում: Միեւնույն ժամանակ տեսակետ հայտնեց, որ Վլադիմիր Պուտինի հնարավոր վերադարձը ՌԴ նախագահի պաշտոնին, անհրաժեշտություն է ստեղծում Հայաստանում ձեւավորել նոր որակի իշխանական համակարգ: