ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը միանգամայն ավելորդ է համարում մամուլում տեղ գտած այն քննարկումները, թե «ինչու Թուրքիան սկզբում հրաժարվեց օգնությունից»: Իր կարծիքը Մելիքյանն արտահայտել է հոկտեմբերի 28-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ ավելի շատ պարտվեց ստեղծված իրավիճակից, Մելիքյանն ընդգծեց, որ երկուսն էլ պարտվեցին, ամեն մեկն իր հերթին. Թուրքիան` սկզբում հրաժարվելով, Հայաստանը` տարօրինակ կերպով խռովելով, թե «ինչու հրաժարվեցին, չէ որ մենք լավ բան էինք ուզում անել»: Ինչպես նշեց Մելիքյանը, դժբախտություն է պատահել, մարդկայնորեն ամեն ինչ հասկանալի է: «Մենք առաջարկեցինք, նրանք ընդունեցին ի գիտություն, հետո օգնություն խնդրեցին: Դա ներկայացման վերածելը երկուստեք ճիշտ չէ:  Բայց մեր այս երկու ժողովուրդներն էլ սիրում են թատերական բեմականացումներ, այլ կերպ դա չի կարելի բացատրել: Օգնություն ենք առաջարկել: Չեք ուզում ընդունել, պետք չէ: Ինչ կարիք կար այսքան խոսել այդ մասին: Թող ուրիշները  խոսեին, ոչ թե մենք:  Բոլոր բամբասանքներն ավելորդ էին», - համոզված է Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, խոսքը Թուրքիային Հայաստանի առաջարկած օգնության մասին էր` կապված հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքները վերացնելու հետ: