Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական բանտարկյալների հարցերով զեկուցող Քրիստոֆ Շտրոսերի այցն Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես APA-ին հայտնել են Շտրոսերի գրասենյակից, այցը հետաձգվել է, քանի որ նրան չի հաջողվել մուտքի անցագիր ստանալ:
«Շտրոսերը ծրագրում էր այցելել Ադրբեջան հաջորդ շաբաթ: Նա փաստաթղթեր է ներկայացրել Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատուն անցագիր ստանալու համար, սակայն պատասխան չի ստացել: Այդ կապակցությամբ նա ստիպված է հետաձգել այցը»,- ասել են զեկուցողի գրասենյակից:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլման Աբդուլլաեւը հայտնել է, որ զեկուցողի այցը նման մանդատով անարդար եւ անթույլատրելի է. «Եվրոպայի Խորհրդի շրջանակներում չկա «քաղբանտարկյալ» հասկացության հստակ ձեւակերպում»: Ադրբեջանը չի առարկում Կ.Շտրոսերի այցին Ադրբեջան որպես սովորական քաղաքացի կամ Բունդեսթագի պատգամավոր»:
Նշենք, որ Շտրոսերի այցը նախատեսված էր նոյեմբերի 4-ին:




























