Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել ծայրահեղ աջ ծայրահեղականության աճի կապակցությամբ, երբ իր երկիրը նշում է Հոլոքոստի հիշատակի օրը, հայտնում է BBC-ն։

Նա զգուշացրել է «նեոնացիստների և նրանց մութ ցանցերի» մասին և կոչ է արել մարդկանց պայքարել ռասիզմի և հակասեմիտիզմի դեմ։

Շաբաթ օրը Դյուսելդորֆում հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել ծայրահեղ աջերի դեմ բողոքի ցույցերի վերջին շարքի շրջանակներում:

Գերմանիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության դեմ։

Ամբողջ երկրում գործողությունների պատճառը AfD-ի շուրջ ծագած սկանդալն էր։ Լրագրողները տեղեկացել են, որ կուսակցության անդամները նեոնացիստների և աջ արմատականների հետ գաղտնի քննարկել են Գերմանիայից փախստականներին և օտարերկրացիներին վտարելու ծրագրերը։