Ֆրանսիայի կառավարությունը դիտարկում է երկրի ֆերմերներին լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Գաբրիել Աթալը, հաղորդում է Reuters-ը:

Եվրոպական միության գյուղատնտեսության խոշորագույն արտադրող Ֆրանսիայի ֆերմերները դժգոհում են, որ բախվում են անբարեխիղճ մրցակցության ավելի թույլ կարգավորումներ ունեցող երկրների մրցակիցների կողմից: Իրենց տեսակետն արտահայտելու համար նրանք անցած շաբաթ  արգելափակոցներ տեղադրեցին հիմնական ճանապարհների վրա:

«Մենք կքննարկենք ցանկացած այլ միջոց, որը կարող ենք ձեռնարկել անբարեխիղճ մրցակցության այս ասպեկտների դեմ», - ասել է  Աթալը լրագրողներին:

Արդեն ուրբաթ օրը երկրի կառավարությունը հրաժարվեց գյուղատնտեսական դիզելային վառելիքի պետական ​​սուբսիդիաների աստիճանական կրճատման ծրագրերից և հայտարարեց այլ քայլերի մասին՝ նվազեցնելու ֆինանսական և վարչական ճնշումը ֆերմերների վրա:

Ֆերմերները, սակայն, ավելին են ուզում:

FNSEA-ն՝ Ֆրանսիայի ֆերմերների խոշորագույն արհմիությունը, հայտարարել է, որ կշարունակի բողոքի ցույցերը, մինչդեռ մյուս արհմիությունները սպառնացել են փակել Փարիզի շրջակայքի ճանապարհները և մայրաքաղաքի մոտ գտնվող Ռունգիս սննդի շուկան:

Եվրոպական այլ երկրների ֆերմերները, ներառյալ Գերմանիան և Լեհաստանը, նույնպես բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բավարար ջանքեր չի գործադրում իրենց այլ երկրների ավելի էժան արտադրությունից պաշտպանելու համար: