Հայաստանի պետեկամուտների կոմիտեն, հայաստանյան ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ օրեր առաջ մասնակցել է Վրաստանում անցկացված «Կիբեռանվտանգության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ-2011» միջազգային ամենամյա մրցանակաբաշխությանը:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ միջոցառման նպատակն է` խթանել մասնակից երկրների միջեւ պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությունն ու նորարության զարգացումը:

«Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում ներկայացվել են պետական հատվածի 11 խոշորագույն նախագծեր, այդ թվում` էլեկտրոնային նույնականացման քարտերի, էլեկտրոնային առողջապահության, մաքսային ավտոմատացված համակարգերի եւ այլն: Նույն անվանակարգում ներկայացվել են նաեւ Վրաստանի պետական եկամուտների ծառայության հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման եւ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգերը: Այս նախագծերի շարքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի «Հարկատու-3» համակարգը ճանաչվել է լավագույնը:

«Հարկատու-3»-ը հարկային վարչարարության տեղեկատվական հոսքերի կառավարման համակարգ է, որը հնարավորություն է տալիս հարկային վարչարարության կազմակերպումը տեղափոխել ավտոմատ էլեկտրոնային կառավարման դաշտ, առավելագույնս նվազեցնել ՊԵԿ աշխատակից-տնտեսվարող անմիջական շփումը, ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումների քանակը:

Նշենք, որ այս մրցանակաբաշխությունն անցկացվել է չորրորդ անգամ, մասնակցել են Եվրոպայի, ԱՊՀ երկրների 10-ից ավելի պատվիրակություններ: Մրցանակաբաշխության արդյունքում եւս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգն ու վերջին երեք տարիների ընթացքում ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաները լավագույնն են տարածաշրջանում ու այդ հարցում Հայաստանը շարունակում է պահպանել առաջատարի կարգավիճակը: