Հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել. տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո: Այդ մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
«Ընդհանուր առմամբ, սա է մեր դիրքորոշումը, և սա ասում եմ` անկախ Խաղաղության պայմանագրի համատեքստից: Ընդհանրապես, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը սա է: Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, և այդ համաձայնությունը ֆիքսվել է 2022 թվականին Պրահայում, այնուհետև՝ Սոչիում, այնուհետև՝ Բրյուսելում, այնուհետև՝ վերջերս տեղի ունեցած՝ փոխվարչապետների ղեկավարության ներքո համապատասխան սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում արձանագրված համաձայնության համատեքստում: Եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն Խաղաղության պայմանագրում, պայմանագիրը կարելի է շատ արագ ստորագրել:
Այո, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն եւ մենք մեր կողմից պատրաստ ենք ամբողջականացնել այն եւ ստորագրել: Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջականացված չէ: Եթե հնարավորություն լիներ ամբողջովին, 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք:
Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախագծին: «Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Ցանկանում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի շուրջ ավելի քիչ հարցեր են բաց մնացել»,- հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։











