Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 28-ին, ցուցմունք է տվել «Հայաստան» խբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին, իր նկատմամբ բռնությանն ու նախաքննության ընթացքին։
Լևոն Քոչարյանը մանրամասնեց, թե ինչու էին իրենք կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին մասնակցում և նշեց, թե ինչ գործողություններ են արվել այդ օրերին․
«Երբ մարդիկ տեսնում էին, որ ոստիկանները մոտենում են, ազատում էին խաչմերուկը, և ոստիկանների հետ բախվելու խնդիր չէր լինում։ Այդ ընթացքում ես հարցազրույց էի տալիս, երբ լսեցինք լացող աղջկա ձայն, մենք պտտվում ենք և շարժվում ենք դեպի ոստիկանները։ Ոստիկաններն էլ ասում են, որ երթը Սարյանով էր գնում, մի խումբ պտտվեց երթին հակառակ, շղթայված ձեռքերով, ու ասում են, թե մխրճվեցին ոստիկանների մեջ։ Եթե այդ կադրերում դուք տեսնում եք, որ մխրճվում ենք ոստիկանների մեջ, ապա չգիտեմ, պետք է ուզենալ դա տեսնել, որ տեսնեք, որովհետև իրականությունն այն է, որ այո, թև-թև ենք մտնում, որովհետև դա հնարավոր միջոց է ոստիկանական ապօրինությունների դեմ։ Երբ այդպես մոտեցանք ոստիկաններին, որ հասկանանք՝ ում են տանում, ու հարցնում ենք՝ «ո՞ւմ եք տարել», և առանց որևէ բառ ասելու Արթուր Ղազարյանը իմ պարանոցից է կախվում, և փորձում են 5 հոգանոց շթղան քանդել ու տանել։ Այդ միջոցին Հրաչիկն այնտեղ չէր, նա փորձում էր Ասատուրովի նկատմամբ նույն գործողությունն անել․ կան նաև տեսանյութեր այդ մասին»։
Լևոն Քոչարյանը պատմեց նաև ոստիկանական ավտոմեքենայում իր նկատմամբ բռնություն գործադրելուն․ «Ինձ ինչ-որ մի ձև տանում, հասցնում են մեքենան, այնտեղ արդեն երկրորդ գործողությունն է սկսվում։ Առաջինը վարորդն է պտտվում ու սկսում է ինձ հարվածել, ես նրա հետ նույնիսկ բառ չեմ փոխանակել։ Իմ նկատմամբ մեքենայում բռնությունները շարունակվել են։ Արդյո՞ք եղել է ոստիկանների օրինական պահանջ։
Մենք գործի սկզբից էլ ասել ենք, որ օրինական պահանջ չի եղել։ Եթե որպես այդպիսին օրինական պահանջ չի հնչել, մեզ չի ասվել, ժամանակ չի տրվել։ Եթե օրինական պահանջ իրականում չի եղել, որը մենք փաստերով ենք ցույց տալիս, տեսեք՝ ինչ հանցավոր խումբ է գործել ցույց տալու համար, որ սա եղել է։ Մոտ 18 ոստիկան եկել ու ցուցմունք են տվել, որ իբրև իրենք են այդ կոչը հնչեցրել, և իրենց ասածներից ոչինչ չի համապատասխանում իրականությանը։
Այն, որ կատարվել է անաչառ ու համակողմանի նախաքննություն, առնվազն ճիշտ չէ։ Օրինակ՝ ես չգիտեմ՝ արդյո՞ք դատախազությունը փորձել է ամբողջ տեսանյութը ստուգել։ Օբյեկտիվ իրականությունն ի վերջո տեսանյութն է ցույց տալիս։ Մեղադրող կողմի ամեն ասածի դեմ մենք կարող ենք ընդամենը «փլեյ» կոճակը սեղմել»։
Լևոն Քոչարյանի խոսքով՝ Հրաչիկ Խաչատրյանին ինքը չէր կարող հարվածել, քանի որ այն դիրքը, որը նկարագրում է Խաչատրյանը, իրականում չի եղել։
Նա դատարանում հարց հնչեցրեց՝ արդյո՞ք «շղթայված քայլելը» քրեորեն պատժելի արարք է․ «Կարծում եմ՝ ոչ»։
Լևոն Քոչարյանը հղում արեց նաև ԱՄՆ պետդեպի զեկույցին, որտեղ իր նկատմամբ բռնությանը նույնպես անդրադարձ եղել է․ «Այն, որ մեքենայում ինձ ոստիկանները հարվածում են, ԱՄՆ-ից նկատել են, բայց մեր դատախազությունը չի արձանագրել։ Հիմա ես ինչպե՞ս կարող եմ հավատալ դատախազության այն ասածին, որ քննությունը իրականացվել է համակողմանի և անաչառ։ Սա ճիշտ չէ, սա ծիծաղ է առաջացնում»։
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Լեւոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որեւէ հակաիրավական գործողություն չի արել, եւ, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։
Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երեւում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լեւոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լեւոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լեւոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։
Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։











