Թուրքիայի վրա Արեւմուտքի, ԱՄՆ-ի ճնշումներն ուժեղանում են, Թուրքիան ստիպված է հրաժարվել որոշակի տնտեսական մերձեցումից, որ կար ՌԴ-ի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է հերթական անգամ ձգձգվում Պուտին-Էրդողան հանդիպումը:
«Մասնավորապես, անցյալ տարվա վերջերից, երբ ամերիկյան պատվիրակություն եկավ Թուրքիա, թուրքական հիմնական բանկերը հրաժարվում են սպասարկել այն գործարքները, որ տեղի էին ունենում ռուսական եւ թուրքական ընկերությունների միջեւ: Դրա համար առեւտրի ծավալը պակասել է երկու երկրների միջեւ: Մյուս կողմից Թուրքիան հույս ուներ, որ մոտակա տարիներին կարող է ապահովել ներդրումներ արաբական երկրներից, բայց դա տեղի չունեցավ: Շատ չնչին գումարներ տվեցին Թուրքիային եւ վերջ: Դրա համար էլի մնում է միայն Արեւմուտքը որպես ներդրումների աղբյուր, իսկ դա Թուրքիայի տնտեսության համար անհրաժեշտություն է: Դա էլ է հաշվի առնում Թուրքնա»,- ընդգծեց թուրքագետը:
Նա նկատեց, որ Մոսկվան շահագրգռված է Թուրքիայի հետ հնարավորինս լավ հարաբերություններով, որովհետեւ ՌԴ-ն մեկուսացված է համաշխարհային թատերաբեմում. «Դրա համար ես չեմ կարծում, որ այն խնդիրները, որ կան ֆինանսական, տնտեսական, որոշ չափով աշխարհաքաղաքական ոլորտներում, կոնկրետ անդրադարձ ունենան ռուս-թուրքական հարաբերությունների վրա, օրինակ, մեր տարածաշրջանում: Դեռեւս դրա նշանները ես չեմ տեսնում»,- ընդգծեց Սաֆրաստյանը:











