Ռուս ուկրաինական հարաբերություններում Թուրքիայի միջնորդությունը Մոսկվայի կողմից մերժելը վերաբերում էր ընդհանրապես միջնորդական առաքելություններին, որովհետեւ Ռուսաստանը գտնում է, որ ներկա փուլում ոչ մի միջնորդություն օգուտ չի բերի, բայց ռուսական լրատվամիջոցներն այնպես ներկայացրեցին, որ թիրախավորվեց հենց Թուրքիան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Կարծում եմ՝ դա հատուկ արվեց, որ եւս մեկ անգամ ցույց տան Ռուսաստանի դժգոհությունը Թուրքիայի՝ վերջին շրջանում դիրքորոշման փոփոխությունից: Թուրքիան ՌԴ-ին օգնում էր շրջանցել պատժամիջոցները, ինչը ՌԴ-ի համար շատ կարեւոր էր: Ռուսաստանը մեծ օգուտներ էր ստանում, բայց ավելի մեծ օգուտներ ստանում էր Թուրքիան: Հիմա, որ Թուրքիան ճնշման ներքո սահմանափակում է, դա Ռուսաստանին դուր չի գալիս: Դա է հիմնական խնդիրը:

Ուկրաինայի հետ կապված Թուրքիայի քաղաքականությունը ռուսական լրատվամիջոցների կողմից միտումնավոր ուշադրությունից դուրս էր մնում: Որովհետեւ Թուրքիան իրականում բավական լուրջ օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, լուրջ զենք է տրամադրում, օրինակ, հրետանի: Բացի այդ, Թուրքիան փակել է Բոսֆորն ու Դարդանելը, իսկ ռուսական նավատորմի նավերը Սեւ ծովում պակասում են, եւ Թուրքիան թույլ չի տալիս, որ այլ ռազմական նավեր, ասենք Բալթիկ նավատորմից, խաղաղօվկիանոսյան նավատորմից գան, մտնեն Սեւ ծով եւ համալրեն սեւծովյան նավատորմը: Այնպես որ բվական հակառուսական ուղղվածություն ունի Թուրքիայի քաղաքականությունը Ուկրաինայում: Ուղղակի ՌԴ-ն ելնելով նրանից, որ Թուրքիան օգնում էր մեծ ծավալներով շրջանցել պատժամիջոցները, դրա վրա աչք էր փակում»,-ասաց նա: