Մենք ունենք Սահմանադրության օր, բայց չունենք սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Եվ այսօրվա Սրբազան Պայքարը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար է: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ Պողոսյանի խոսքով՝ մեր երկրի մայր օրենքն իսկապես ազգային է, այն անկախ Հայաստանի պետականության հիմքերն է դրել։

«Բայց այսօր, ցավոք սրտի, այդ պետականության հիմնասյուները վտանգված են, որովհետև այսօրվա իշխանությունը, ընդհանրապես չարժևորելով որևէ ազգային արժեք, հարցականի տակ է դնում նաև ՀՀ Սահմանադրությունը՝ նրա գոյությունն այսօրվա տեսքով։ Վարչախմբի ղեկավարն այսօր նորից հայտարարել է, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ կոծկելով այն հանգամանքը, որ իրեն դրդում են սահմանադրությունը փոխել»,- ասաց սահմանադրագետը։ Սահմանադրագետը նշեց, որ օրվա իշխող ռեժիմը հարցականի տակ է դնում այն ամենն, ինչ ազգային է մեր սահմանադրությունում:

«Դրա վառ օրինակը իշխանությունների ցանկությունն է՝ հանել Սահմանադրության նախաբանում ՀՀ Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը։Այս հունվարից, երբ Փաշինյանն ասաց, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որևէ իմաստալից հիմնավորում դրա համար չբերվեց։ Բայց շատ արագ պարզ դարձավ, որ խոսքը այն մասին է, որ ՀՀ սահմանադրությունից ուզում են հանել նախաբանում հաաստատագրված ՀՀ Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն՝ հիմնասյունը, որի վրա հենված է մեր այսօրվա Երրորդ Հանրապետությունը»,- ասաց  նա։