Մենք կգնանք արդարացման ճանապարհով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կայացված դատավճռին։
«Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ դուր գալու համար իրենց ղեկավարներին, փորձել են ճարպիկություն անել։
Ես մեռնելուց չեմ վախեցել, իսկ ազատազրկումը գիտեք ինչ է․ ավելի լավ է մարդն ազատազրկվի, քան ապրի այնպիսի շրջապատում, ոնց հիմա ենք ապրում, լափելով ապրում են»,- նշեց նա։
Անդրադառնալով նախաքննության ընթացքին՝ Գասպարյանն ասաց․ «Այս գործերը մի քանի անգամ Դատախազությունը հետ է վերադարձրել»։
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն հարուցված հոդվածների մի մասով ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածների մյուս մասով ընդհանուր առմամբ դատապարտվել է 6 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։











