Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 28-ին, հյուրընկալել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ջանքերը՝ ուղղված հասարակության մեջ բարոյականության եւ հոգեւոր արժեքների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանի խոսքով, Կիրիլ Պատրիարքի կյանքն ու գործունեությունը հայրենիքին եւ Ռուս Ուղղափառ եկեղեցուն ծառայելու շատ լավ օրինակ են:
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների ավանդական բարեկամության խորացման, Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու միջեւ կապերի ամրապնդման, հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը (Վլադիմիր Միխայիլի Գունդյաեւ) պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Հանդիպման ժամանակ հանրապետության ղեկավարը պետական պարգեւը հանձնել է Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին:
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշել է, որ իր համար մեծագույն հաճույք է այցելել քրիստոնեության հնագույն օրրան՝ Հայաստան, որտեղ առաջին անգամ չէ հյուրընկալվում: Նա պատահական չի համարել այսօր մեկնարկած խաղաղասիրական հանդիպման անցկացումը Հայաստանում, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է ԱՊՀ միջկրոնական խորհրդի համահիմնադիրներից մեկը, ով ակտիվ մասնակցություն է ցուցաբերում բանակցություններին, ինչպես նաեւ նկատի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու մեծ դերը հայ ժողովրդի կյանքում:
Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի անցկացմանն աջակցության համար եւ մաղթել Աստծո օրհնությունը աշխատասեր հայ ժողովրդին, բարգավաճում՝ Հայաստանին եւ հաջողություններ Հանրապետության ղեկավարին՝ իր կարեւոր եւ պատասխանատու աշխատանքում:




























