Նախորդ տարվա դրությամբ Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է և արդեն 700 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երեւանում իրանական առևտրի կենտրոնի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը հասցնել նախ 1 մլրդ դոլարի, ապա հաջորդիվ՝ 3 մլրդ դոլարի։ Ես վստահաբար նշում եմ, որ հենց այս առեւտրի կենտրոնը մեր նպատակների իրականացման գործում շատ կարեւոր դեր կունենա»,- 

Պապոյանը նկատեց, որ Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է և բարեկամ ժողովուրդ։ Մեր երկրների միջև գոյություն ունի շատ սերտ առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերություններ: Մեր ժողովուրդները շատ լավ ճանաչում են իրար եւ շատ  ջերմ վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ։ Բայց վստահաբար կա հսկայական չբացահայտված պոտենցիալ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։ Այս հարթակն այդ հնարավորությունը կտա, որպեսզի նոր ոլորտներ բացահայտվեն և նոր որակի հարաբերություններ կառուցվեն: Ես կուզեի, որ այսպիսի մի առևտրի կենտրոն էլ մենք ունենանք Իրանում, մասնավորապես՝ Թեհրանում»,– հայտարարեց նախարարը։

Պապոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է իրանական ընկերությունների ներգրավվածությամբ Հայաստանում արտադրության, ենթակառուցվածքների եւ տնտեսության այլ ոլորտներում: