Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում գտնվում է քննչական կոմիտեում և քրեական գործի շրջանակներում քննչական կոմիտեում գտնվող ցանկացած հեռախոս ստուգվում է, տեղի են ունենում քննչական գործողություններ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Գաղտնի տեղեկատվություններ պատկանող ինֆորմացիաներ կան, Աղազարյանը կոնֆիդեցիալ տեղեկատվություններ է սիստեմատիկ կերպով տարբեր լրատվամիջոցների ու տարբեր ներկայացուցիչների տվել, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգործություն ունենալ որևէ պրոցեսի վրա կամ հանրային գործունեություն ծավալել»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ այն պահից, երբ Աղազարյանի հեռախոսից հայտնաբերվել են տեղեկատվությունները, դրանք այլևս չեն դիտարկվում անձնական, հատկապես եթե դրանց մեջ առկա է պետական անվտանգության սպառնալիք հանդսացող տեղեկատվությունների արտահոսք։ Վարչապետին զեկուցվել է պետական անվտանգության հետ կապված տեղեկատվության արտահոսքի մասին․ «Քաղաքական թիմն էլ կայացրել է քաղաքական որոշում․ իր խմբակցության անդամին, որը կազմակերպել է կուսակցության ներքին աշխատանքների, կուսակցության փակ քննարկումների, անվտանգության վերաբերյալ տեղեկատվությունների արտահոսք, դուրս է հանել կուսակցությունից»։











