Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի օրը հաստատել են Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը։ Ընդհանուր առմամբ սահմանափակումների են ենթարկվել 54 մարդ և 30 կազմակերպություն Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Չինաստանից և Հյուսիսային Կորեայից, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկված միջոցներն ուղղված են «ստվերային նավատորմի» օգնությամբ նախկինում ընդունված պատժամիջոցների շրջանցման դեմ պայքարին։
Եվրամիությունը նաև հայտարարել է նոր պատժամիջոցների ցուցակում Բելառուսից 26 ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց ընդգրկելու մասին՝ «Բելառուսում իրավիճակի և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային Բելառուսի մասնակցության հետ կապված»:
Պատժամիջոցների են ենթարկվել լոգիստիկ օպերատոր VLATE Logistics LLC-ն, որին պատկանում են Բրուզգի և Բերաստավիցա տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնները։ Ցանկում ներառված է Ruzexpedition ընկերությունը, որը «շահույթ է ստանում ռեժիմից և օգնում է շրջանցել ԵՄ պատժամիջոցները՝ մասնակցելով մեքենաների մատակարարմանը, որոնց վաճառքը ԵՄ-ից Բելառուս արգելված է»։
Անձանց թվում են Dimicandum Invest Holding LLC-ի ֆինանսական տնօրեն Անդրեյ Սվիրիդովը, VLATE Logistics LLC-ի համասեփականատերեր Դմիտրի Զամուլևիչը և Վլադիմիր Արկադևը, Belaruskali-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Ռիբակովը, Բելառուսի հանրապետական փաստաբանների միության նախագահ Ալեքսեյ Շվակովը:
Պատժամիջոցների ցանկում ներառված են 12 դատավորներ, որոնք պատասխանատու են քաղաքական դրդապատճառներով դատավճիռներ հորինելու համար և 4 պաշտոնյաներ, ովքեր պատասխանատու են կալանավայրերում խոշտանգումների և անօրինական կալանավորվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար։
Եվրամիությունը Բելառուսի դեմ պատժամիջոցների նախորդ փաթեթը ներկայացրել է այս տարվա հունիսին։ Այնուհետև սահմանափակող միջոցները ուղղված են եղել առևտրի, ծառայությունների և տրանսպորտի ոլորտներին, ինչպես նաև կանխել գործող պատժամիջոցների շրջանցումը։





























