Վաշինգտոնի վարչակազմը իրական վտանգ է համարում, որ Սիրիան, զինված ընդդիմության իշխանության գալուց հետո, կվերածվի ահաբեկչական խմբավորումների ցատկահարթակի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Նյու Յորքի 92NY մշակութային կենտրոնում։

Նկարագրելով իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ նա նշել է, որ «կան մեծ ռիսկի գործոններ»։ «Եվ այդ ռիսկերը տեսնելու ամենաիրատեսական վայրը հավանաբար Սիրիայում է», - ավելացրել է Սալիվանը: Նրա խոսքով՝ ահաբեկչական խմբավորումները, այդ թվում՝ «Իսլամական պետությունը», «փորձում են օգտվել երկրում ստեղծված իրավիճակից»։ Հարցին, թե արաբական հանրապետությունը կարող է հենակետ դառնալ ահաբեկիչների համար, Սալիվանն ասել է. «Դրա իրական և շարունակական ռիսկը կա: Եվ ես չեմ կարծում, որ մենք պետք է ծածկենք այս փաստը»:

Ըստ Սալիվանի, եթե արաբական հանրապետությունում «վակուում» լինի, վտանգ կա, որ «չափազանց վճռական, չափազանց փորձառու ջիհադիստները, սկսած ԴԱԻՇ-ից, կփորձեն օգտվել դրանից, գրավել տարածքներ, հատկապես արևելյան Սիրիայում» և օգտագործել այն ահաբեկչություններ նախապատրաստելու համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեմ։

«Պետք է հասկանալ, որ այն պահին, երբ Դամասկոսն ընկավ, ԴԱԻՇ-ը սկսեց փնտրել ցանկացած հնարավորություն՝ վերականգնելու, աճելու, տարածվելու և, ի վերջո, հենակետ ստեղծելու համար, որտեղից կարող են սպառնալ Միացյալ Նահանգներին և ամերիկացիներին ամբողջ աշխարհում», - ասել է Սալիվանը: