ԱՄՆ-ը առաջիկա տարիներին կարող է տակտիկական միջուկային զենք տեղադրել Անգլիայի արեւելքում, Սաֆոլք կոմսությունում, Լեյքենհիթ ռազմակայանում։ Այս մասին տեղեկացրել է The Daily Telegraph թերթը։

Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ը այժմ այդ ավիաբազայում զբաղվում է տակտիկական միջուկային զենքի պահեստարանի կառուցմամբ՝ մի քանի միլիոն ֆունտ արժողությամբ, որը կավարտվի առաջիկա տարիներին։ Պարբերականի համաձայն՝ Եվրոպայում տեղակայված է մոտ 100 B61 ամերիկյան միջուկային ռումբ, որոնք պահվում են ՆԱՏՕ երկրների՝ Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Թուրքիայի եւ Գերմանիայի կայաններում։ Թերթը նշել է, որ եւս մոտ 150 նման ռումբ, որոնք կարող են նետվել F-35 կործանիչներից, տեղակայված են ԱՄՆ-ում։

Պարբերականն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան քննարկում են երկկողմ համագործակցության հնարավորությունը սեփական տակտիկական միջուկային զենքի մշակման համար։ Թերթի տեղեկացմամբ՝ Լոնդոնը եւ Փարիզն այդ կերպ ցանկանում են նվազեցնել իրենց ռազմական կախումը Վաշինգտոնից։