«Նոր դարաշրջան» է սկսվում տրանսպորտի և առևտրի ոլորտում՝ Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիայի քայլերի շրջանակում: Օրակարգում 12 տարի առաջ փակված Մերսին-Հալեպ երկաթուղու վերագործարկման հարցն է, հայտնում է Haber Global-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է երկաթգծի թուրքական հատվածում մնացած ռելսերի վերահսկումն ու ստուգումը։

Ակնկալվում է, որ Սիրիան ևս քայլեր կձեռնարկի՝ երկաթգիծը շահագործման հանձնելու համար։ Դամասկոսի վարչակազմի դիրքորոշումը վճռորոշ է լինելու, և եթե համաձայնություն ձեռք բերվի, Սիրիայում ռելսերը կվերանորոգվեն։

Haber Global-ը հաղորդում է, որ պետական ​​երկաթուղու անձնակազմը ստուգել է թուրքական կողմի գծերը՝ համոզվելու համար, որ բեռնափոխադրումները Իսկենդերունի և Մերսինի նավահանգիստներից և ուղևորափոխադրումները Գազիանթեփով և Քիլիսով կարող են վերսկսվել: Եթե ​​գիծը գործարկվի, ակնկալվում է, որ Մերսին-Հալեպ միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծառայությունները կվերսկսվեն:

Օրակարգում է նաև դեպի Դամասկոս երկաթուղու երկարացումը, որի շինարարությունը սկսվել է 2010 թվականին, սակայն դադարեցվել է Սիրիայում պատերազմի պատճառով։