Ոստիկանությունը հայտարարում է, որ բացահայտվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006 թվականից հետախուզվող, 33-ամյա Ստեփան Հակոբյանին, ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի («Լեդի Հակոբ») եղբոր որդին է: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին ստացել էր հասարակական հնչեղություն:

2006 թվականի հունիսի 22-ին Երեւանում կրակոցներ հնչեցին: Ոստիկանության ամփոփագրերում դեպքը ներկայացվեց այսպես.

Ժամը 14.45-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (Սպանությունը շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) հատկանիշներով հարուցվեց քրեական գործ եւ հետախուզում հայտարարվեց Ստեփան Հակոբյանի նկատմամբ:

Վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, հենց հանդիսանում է Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուն: Ստեփան Հակոբյանի հետ բերման են ենթարկվել նաեւ 43-ամյա Աշոտ Հակոբյանն ու 40-ամյա Արայիկ Եղիազարյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:

Դեկտեմբերի 14-ի երեկոյան խուզարկություն կատարվեց Ստեփան Հակոբյանի փաստացի բնակության վայրում՝ Մալաթիայի փողոցի թիվ 24 տանը, որի առաջին հարկի հյուրասենյակի սեղանի վրայից հայտնաբերվեց մոտ 45 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփան Հակոբյանի ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել Կիեւյան կամրջի վրա: Նա եղել է 04 XX 600 համարանիշի Lexus մակնիշի ավտոմեքենայով, երկու թիկնապահների հետ: Թիկնապահներին եւս տեղափոխել են ոստիկանություն:

Մեր տեղեկություններով, իրավապահները վերջին շրջանում հետեւել են Ստեփան Հակոբյանին, եւ նա երկու միջադեպով աչքի է ընկել: Մեկը մասնակցել է Գառնիի ձորում հարսանիքի, որտեղ սկանդալային միջադեպ է եղել, իսկ մյուս դեպքում ծեծի է ենթարկել իր խանութի աշխատակցին: