Կահիրեի կենտրոնում դեկտեմբերի 16-ին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Բախումների արդյունքում շուրջ 300 մարդ է տուժել:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր երեք զոհվածների մասին:

Նախարարության տվյալներով` գիշերվա ընթացքում հիվանդանոցում տուժածներից երկուսը մահացել են: Զոհվածները հիմնականում 16-25 տարեկան երիտասարդներ են:

Այսօր` դեկտեմբերի 17-ի առավոտյան ռազմական ոստիկանությունը եւ ՆԳՆ ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կահիրեի կենտրոնական հատվածը, որտեղ տեղի են ունեցել բախումները, փողոցը շրջափակված է մետաղական արգելապատնեշներով: Սակայն խռովությունները դեռ շարունակվում են:

Հիշեցնենք, դեկտեմբերի 16-ի առավոտյան Կահիրեի կենտրոնում` կառավարության շենքի դիմաց, ցուցարարների եւ կառավարական շենքը պահպանող զինծառայողների միջեւ բախումներ են սկսվել:

Տարբեր տեղեկությունների համաձայն` բախումներն սկսել են կա’մ ոստիկանների կողմից մասնակիցներից մեկի ձերբակալման հետեւանքով, կա’մ ցուցարարներից մեկի` ոստիկանի վրա հարձակվելուց հետո:

Ականատեսները վկայում են, որ խռովությունների ընթացքում հրազեն է կիրառվել: Միեւնույն ժամանակ Եգիպտոսում ղեկավարող Զինված ուժերի Գերագույն խորհուրդը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքել է զինծառայողների կողմից հրազեն կիրառելու մասին լուրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: