«Կարծում եմ, որ առաջին և ամենակարևոր պատճառն այն է, որ ամերիկացիներն իսկապես հայտնել են քրդական ուժերի ղեկավարությանը, որ նրանք այլևս չեն աջակցի քրդերին։ Հայտնի դարձավ, որ համաձայնագրի ստորագրումից առաջ քրդական շարժման ղեկավարները հանդիպել են Ամերիկյան ուժերի հրամանատարի հետ, հավանաբար հենց այդ հանդիպման ժամանակ նրանց ասվել է, որ պետք է Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ համաձայնության գնալ»։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչն է Սիրիայի քրդերին դրդել համաձայնության գնալ իշխանությունների հետ։
«Ես այս ամենը կապում եմ այն աշխարհաքաղաքական կարևոր իրադարձությունների հետ, որոնք հիմա տեղի են ունենում Մերձավոր Արևելքում։ Իմ ընկալմամբ, ամերիկացիները պատրաստվում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում պակասեցնել։ Կարծում եմ՝ քայլեր են ձեռնարկում Թուրքիային հնարավորություն տալու լրացնելու այն վակումը, որ կառաջանա իրենց հեռանալուց հետո»,–ասաց նա։
Ռուբեն Սաֆրատյանի դիտարկմամբ, Թուրքիան հնարավորություն է ստանում մեծացնելու իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։
«Թուրքիան, իհարկե, ձգտում է, որ Սիրիայում իրադրությունը վերահսկելի լինի կենտրոնական իշխանությունների կողմից, որն, ըստ էության, Թուրքիայի կամակատարն է։ Կառավարության անդամների մեծ մասը կապված է Թուրքիայի հետ։ Թուրքիայի ձգտումը հետևյալն է, որ Սիրիայի իշխանությունները հնարավորին չափ ուժեղ հսկողություն սահմանեն, որպեսզի հնարավոր լինի պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Իհարկե, Թուրքիան ունի իր ռազմավարական ծրագրեր, որոնց էությունն այն է, որ Սիրիան պետք է դառնա Թուրքիայի հսկողության տակ գտնվող խոշոր պետություն, որը կուժեղացնի Թուրքիայի դիրքերը Մերձավոր Արևելքում»,–նշեց թուրքագետը։











