ԵՄ-ն էներգետիկ ոլորտում բավականին սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, և ես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է արդյունավետ օգտագործի այդ լծակը, որպեսզի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքի Հայաստանի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին Իջեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ռասմուսեն Գլոբալ» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր եւ նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը առավելագույն ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա՝ հասնելու խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։
«Կարծում եմ, որ միջազգային հանրությունը ազդեցություն կգործի Բաքվի վրա և կպահանջի, որ նա հնարավորինս շուտ ստորագրի համաձայնագիրը։
Ցանկանում եմ, որ միջազգային հանրությունը ազդանշան ուղարկի Ադրբեջանին, որ ցանկացած ռազմական գործողություն կամ հարձակում անընդունելի կլինի միջազգային հանրության համար»,- ասել է Ռասմուսենը։
Խոսելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նա բացատրել է, որ չգիտի Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում՝ հավելելով, որ խոսքը Եվրոպայի և Հնդկաստանի կապի հեռանկարի մասին է։
«Աշխարհագրական տեսանկյունից Ադրբեջանը կարող է կենսական դեր խաղալ դրանում և օգտվել էներգետիկ ոլորտում ընդլայնված համագործակցությունից»,- նշել է Ռասմուսենը։





























