Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն չկա՝ ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար չկա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում սահմանին, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք, որոնցից պետք է հրաժարվենք, վարչապետն ասաց. «Տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համենայնդեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն:  Երրորդը՝ Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր Կառավարությունը, ես եմ հրավիրել և ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար:

Բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք՝ ի՞նչ նպատակով ենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ որպես կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն: Եվ հիմա ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթն ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Այսինքն՝ մինչև այդ կետը, համենայնդեպս՝ այս հարթության մեջ, որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդներն աշխատեն։

Նաև եկեք չմոռանանք, ինչ նպատակով ենք մենք ԵՄ դիտորդներին հրավիրել՝ որպես  խաղաղության և կայունության գործոն։ Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն: Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն,  և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։»,- հայտարարեց Փաշինյանը:

Հարցին՝ ԵՄ դիտորդներին նեղություն չտալը ենթադրում է, որ նրանք հեռանո՞ւմ են երկրից, Փաշինյանը պատասխանեց. «ԵՄ դիտորդներին նեղություն չտալը նշանակում է, որ այդ նեղություն տալու անհրաժեշտությունը, ըստ էության, չկա: Եվ երկրորդ՝ նշանակում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կպայմանավորվեն դիտորդական առաքելության հետագա ճակատագրի և գործունեության ձևերի, մեթոդների մասին։

Այց հարցում դեռ որոշում չկա, բայց նաև ես կարծում եմ, որ ՀՀ տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների, կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարցն է, և դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն ու լուծումներ կստանան»:

Անդրադառնալով  միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին, վարչապետն ասաց, որ դա վերաբերում է միջպետական հայցերին. «Եվ հարցը հետևյալն է՝ այդ հայցերն ինչի՞ համար են: Այդ հայցերը, մեծ հաշվով, խաղաղություն և կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց  գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն՝ նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները և միջոցները խառնում ենք իրար: Այսինքն՝ շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից և նախընտրել միջոցը»: