Եթե երեխաներին հետաքրքրում է ռուսաց լեզուն, ես չեմ պատկերացնում, որ հեռավոր գյուղերում, որտեղ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել ռուսերեն դպրոցական ներկայացումների մեր ազգային մրցույթին, ծաղկում է բռնապետությունն ու ստալինիզմը, և այդ դժբախտ հայ երեխաների հայ ուսուցիչները ստիպում են նրանց ռուսերեն ներկայացում բեմադրել։ Չեմ պատկերացնում։ Հայերը գերազատասեր ժողովուրդ են, և ոչ մի երեխայի չի կարելի ստիպել ինչ-որ բան անել, եթե նրան չի հետաքրքրում, և ոչ ոք նրան չի ստիպի դա անել։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երևանի «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը։
«Ռուսական տների» աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը ռուսաց լեզվի խթանումն ու աջակցությունն է: Ինչպե՞ս են այդ առումով գործերը Հայաստանում։ Որքա՞ն պահանջարկ կա ռուսաց լեզվի նկատմամբ:
Հենց նոր գործարկեցինք մի մեծ նախագիծ, որը կոչվում է «Լևոն Քալանթար» դպրոցական ներկայացումների ազգային մրցույթ-փառատոնը: Լևոն Քալանթարյանը Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի գլխավոր ռեժիսորն էր։ Փառատոնի անվանումն է՝ « Դպրոցական դահլիճից Ստանիսլավսկու թատրոնի բեմ»։
Խոսքը ռուսերեն ներկայացումների մասին է։ Դրան մասնակցելու համար ստացվել է 34 հայտ՝ 10-ը՝ Երևանից, 24-ը՝ մարզերից։ Դա վկայում է նրա մասին, որ հեռավոր գյուղերում ռուսերեն դպրոցական պիեսներ են բեմադրվելու, և ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրություն կա։ Հաղթողներին 3 օրով կհավաքենք կա՛մ Երևանում, կա՛մ մեկ այլ քաղաքում, որտեղ պրոֆեսիոնալ բեմում գալա համերգներ և եզրափակիչ ելույթներ տեղի կունենան։ Դա կլինի կամ Ստանիսլավսկու անվան թատրոնում, կամ Հայաստանի մեծ քաղաքներից մեկի թատրոնում։
Ուստի ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրություն կա, Խորհրդային Միությունը վաղուց չկա, ու ոչ ոք չի ստիպում մարդկանց ռուսերեն սովորել։
Ռուսաց լեզուն գործիք է: Օրինակ՝ կարող ես թռչել Ղազախստան ու այնտեղ հաջող բիզնես հիմնել, իսկ բիզնեսն ավելի հաջողակ կլինի, եթե ղազախների հետ խոսես ոչ թե անգլերեն, այլ ռուսերեն։ Երկրագնդի 1/6-ում այդպես էլ լինում է: Ռուսաց լեզուն եղել և մնում է ՄԱԿ-ի հինգ աշխատանքային լեզուներից մեկը։
Հայաստանում Ռուսական տան խնդիրը ոչ թե որևէ մեկին պարտադրելն է, այլ ցանկությանը աջակցելը, եթե նման բան կա։ Օրինակ՝ Երևանի, Կապանի, Գյումրիի ոստիկանությունում ռուսաց լեզվի որակը բարելավելու ցանկություն են հայտնել։ Երեք տարի անընդմեջ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար ռուսաց լեզվի որակի բարձրացման խորացված դասընթացներ ենք անցկացնում։ Կոմիտեի մոտ 400 աշխատակիցներ ավարտել են մեր դասընթացները: Իսկ մինչև տարեվերջ նախատեսում են կրկին դիմել՝ ցանկանալով շարունակել ռուսաց լեզվի ուսուցումը։
Ի՞նչ եք անում դասագրքեր տրամադրելուց, ռուսաց լեզվի իմացությունը բարելավելու դասընթացներ կազմակերպելուց բացի: Ի՞նչ այլ ծրագրեր են իրականացվում։
Ունենք «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» ազգային մրցույթ։ Անցյալ տարի մենք ներկայացրել ենք նաև նման մրցույթ առարկայական ուսուցիչների համար՝ աշխարհագրության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ռուսերեն դասավանդող այլ ուսուցիչների համար։
Նրանք գանգատվում էին, որ իրենց չեն նկատել, բայց մենք նկատեցինք, և այս մրցույթն էլ իրենց համար էր կազմակերպվել։ Քվեարկությունն անցկացվում է ոչ միայն ժյուրիի կողմից, այլև սոցիալական ցանցերում։
Գործընկերները ստաժավորում են անցնում, թռչում են Սանկտ Պետերբուրգ և Մոսկվա, ինչպես նաև ռուսաստանյան բուհերում լեզվի խորացում անցնում: Մենք ունենք կազմակերպություն, որը կոչվում է «Ռուսիստների դաշինք» («Альянс русистов»): Ամեն ամիս 80-100 մարդ հավաքվում է Ռուսական տանը և քննարկում նորարարական եղանակները, իսկ ուսուցիչները շփվում են միմյանց հետ։ Մարդիկ գալիս են նաև Հայաստանի ամենահեռավոր շրջաններից։
Ինչ վերաբերում է դասագրքերին, անցած տարի մենք հայկական դպրոցներին ռուսերեն լեզվով 115000 դասագիրք և գեղարվեստական գրականություն նվիրեցինք։ Այս տարի մինչ այժմ 15 հազար դասագիրք է առաքվել։
Իսկ ո՞ր գրականությունն է գերադասելի։
Բերում ենք բարձրակարգ գրականություն, այն, ինչ կարդում են Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում՝ սկսած Զախար Պրիլեպինից սկսած և գիտաֆանտաստիկ Լուկյանենկոյով վերջացրած։ Այսինքն՝ սա այն թոփ գրականությունն է, որը ներկայում ընթերցում են Ռուսաստանում։ Դա ոչ միայն Դոստոևսկին է, ոչ միայն Պրիշվինը, ոչ միայն Պուշկինը, մեծ մասամբ դրանք ժամանակակից ռուս հեղինակներ են, որոնք Ռուսաստանում մեծ ժողովրդականություն են վայելում:
Օրերս Ռուսական տան աջակցությամբ տեղի ունեցավ «Յոթ քար. Հայաստանը դարերի միջով» պատմական կոմիքսների շնորհանդեսը։ Նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաների համար նման համատեղ ծրագրեր շա՞տ ունեք։
Մենք դա արել ենք ոչ դպրոցական, ոչ արտադասարանական ընթերցանության համար, դա արել ենք մեր հայրենակիցների խնդրանքով։ Մենք ունենք հայրենակիցների հրաշալի հասարակական կազմակերպություն՝ «Բարության ուղին», որը ղեկավարում է Հայաստանի ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Բերեզովսկին՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը 20 տարի պաշտպանած Ռոմա Բերեզովսկու ավագ եղբայրը։
Մի անգամ մեզ մոտ եկավ Ալեքսանդր Բերեզովսկին ու ասաց, որ ուզում է պատմական բովանդակությամբ կոմիքս նկարել։ Շատ տղաներ, ցավոք, մեր ընդհանուր պատմությունից կարևոր պահեր չգիտեն, և «Հայրենակիցների իրավունքների պաշտպանության մոսկովյան հիմնադրամի» և մոսկվայաբնակ հայ արտիստների օգնությամբ մենք պատրաստեցինք այդ կոմիքսը:











