Կարծում եմ՝ եթերում բռնությունը նվազել է: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Շատ լավ հասկանում եք, որ պետք է տարբերակել գեղարվեստական բովանդակությունը առօրյայից, քաղաքական հայնչեղություն ունեցող տեքստերից և այլն։ Խոսքը ոչ թե առաջին հերթին կինոների մասին է, չնայած այդտեղ էլ պիտի չափավոր լինի, այլ սերիալների մասին, որոնք արտացոլում են հայկական իրականությունը և իրականությանը մոտիկ են,. մարդիկ դա ընկալում են որպես իրենց կենցաղ, և երկրորդը լրատվական հաղորդումներում, հասարակական հաղորդումներում, վտանգը դա է»,-ասաց նա:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ ատելության խոսքն անթույլատրելի է՝ ում կողմից էլ այն հնչի. «Ուզում եմ հիշեցնել, որ հենց քաղաքական գործիչները, ավելի տոլերանտ պիտի լինեն այդ չարության խոսքի դեմ, որովհետև նրանք իշխանություն կրող են, կամ քաղաքական գործունեությամբ են զբաղվում և նրանք պետք է սովորեն նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ ստանալ։ Խոսքը ոչ թե քաղաքական վերնախավի մասին է՝ իշխող կամ ընդդիմադիր, խոսքը հասարակ քաղաքացիների մասին է, մարդկանց, ընտանիքների, որոնց արժեպատվությունը շատ ժամանակ ոտնահարվում է: Ընդհանրացումներ ենք անում, այսինքն չենք ասում այս մարդը, ասում ենք՝ ժողովուրդը ժեխ ա, ժողովուրդը թուրք ա, այս մարդուն ընտրողը թուրք ա, այս մարդուն ընտրողը պիցցայակեր ա: Սա հենց այն ատելության խոսքն է, որը բոլոր միջազգային չափանիշներով հենց անվանվում է ատելության կամ թշնամանքի լեզու»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ իրավապահներն ընթացք չեն տալիս նման երեւույթներին, Տիգրան Համոբյանը նախ նշեց, որ այդ հարցն իրավապահներին պետք է տալ, ապա նկատեց, որ երբեմն դա տեղավորում են խոսքի ազատության տակ. «Ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ, որ այստեղ օրենքը ավելի շատ պիտի ելնի անմեղության կանխավարկածից, քան մեղավորության, դրա համար էլ դրանք շատ ժամանակ արձագանք չեն ստանում:

Սա պիտի լինի մեր բոլոր ուշադրության կենտրոն, մենք չպիտի սպասենք, որ պետությունը իրավական գնահատականներ տա: Դա պիտի ինքնակարգավորման ոլորտում լինի, դա շատ լավ ինստիտուտ է, բայց Հայաստանում դեռ չի կայացել»: