Շատերը հարցնում են՝ ի՞նչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, կարևորագույն այս հարցի վերաբերյալ ի՞նչ պատկերացումներ ունի Հանրապետական կուսակցությունը: Մենք՝ որպես իրատեսական մոտեցումներով առաջնորդվող քաղաքական ուժ, մեզ թույլ չենք տա սուտ ու փուչ խոստումներով խաբել մարդկանց, ինչպես անում են Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչները տևական ժամանակ: Այս մասին ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում

«Կարծում ենք՝ իշխանափոխությունից հետո  առնվազն երեք առաջնահերթ խնդիր պետք է լուծել.

-Առաջինը՝ երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծումն է՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում անպատիժ թողնել ավանտյուրիստներին, չի նշանակում անպատիժ թողնել ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները, շատ դեպքերում՝ հանցավոր անգործությունը, երբ խոսքը մեր երկրի և ժողովրդի պաշտպանությանն ու անվտանգությանն է վերաբերում: Ավելին, սա նշանակում է խստագույն պատժի ենթարկել ՀՀ Սահմանադրության և օրենքների հետ խնդիր ունեցող ցանկացած մեկին:

Ի թիվս այս խնդրի լուծմանը միտված բազմաթիվ քայլերի, որոնք մենք շատ լավ պատկերացնում ենք, անհրաժեշտ կլինի երկրում արմատապես վերափոխել տեղեկատվական քաղաքականությունը՝ վերջ դնելով հասարակության մանիպուլացմանը, բևեռացմանն ու թշնամանքի քարոզին: 

-Երկրորդը՝ մեր Զինված ուժերի մարտունակության վերականգնումն է՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան:   Դա միանգամայն իրատեսական է զորքերի և զենքի գրագետ կառավարման, զինվորների բարձր մարտական ոգու վերականգնման, զորքերի համակողմանի ապահովման կազմակերպման, զինվորական բարձրորակ մասնագիտական կադրերով բանակի համալրման և մի շարք այլ խնդիրների լուծման պարագայում: 

-Երրորդը՝ մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորումն ու Հայաստանի Հանրապետության դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների վերականգնումն է՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից:  

Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների, այլ իրականության և շահերի հստակ գիտակցման ու գնահատման վրա: Մեր երկրի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, պետք է ամբողջովին պաշտպանի մեր ազգային շահերն ու արժեքները՝ սահմանելով հստակ առաջնահերթություններ և  նպատակներ:

Արցախյան հիմնախնդրի  միջազգայնացման նոր ռազմավարություն է անհրաժեշտ, որն ունենա իրավական, քաղաքական և հումանիտար բաղադրիչներ՝ ներառելով նաև արցախահայության իրավունքների պաշտպանության և հայրենիք վերադարձի միջազգային օրակարգը:

Իսկ անդամակցել ԲՐԻԿՍ-ի՞ն, թե՞ ձգտել ԵՄ անդամ դառնալ. այս երկընտրանքը մենք միշտ ունեցել ենք և մշտապես ելել ենք մեր պետության ու ժողովրդի շահերից: Այդ պատճառով է, որ լինելով Եվրասիական միության անդամ, մեզ հաջողվեց ԵՄ-ի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Երկու կողմի հետ էլ մենք զարգացնում էինք փոխշահավետ հարաբերություններ՝ ամրապնդելով երկխոսությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:  Սա չափազանց կարևոր էր նաև մեր անվտանգության ապահովման և Արցախյան հակամարտության խաղաղ ու արժանապատիվ կարգավորման տեսանկյունից: Մեր այս քաղաքականությունը քննադատվել ու քարկոծվել է տարբեր շրջանակների կողմից, բայց, փառք Աստծո, այսօր հենց այդ քաղաքականության շնորհիվ է Հայաստանի տնտեսությունը փրկվել փլուզումից: Սա ակնհայտ և անվիճելի իրողություն է մասնագիտական բոլոր շրջանակների և բազմաթիվ տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք այդ քաղաքականության արդյունքներն ուղղակիորեն զգում են իրենց գործունեության ամբողջ ընթացքում:

Աշխարհում փոխվում և գլխիվայր շրջվում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, համամարդկային այլ արժեքներին, միջազգային կոնվենցիաներին հավատարմության մասին պատկերացնումները: Դրա վկայությունն են աշխարհի քարտեզի  վերաձևման ուղղությամբ զարգացումները և մյունխենյան անվտանգության վերջին գագաթնաժողովի բաց քննարկումները:

Այլևս ակնհայտ է, որ համընդհանուր սկզբունքներն ու արժեքները շատ հաճախ հակասության մեջ են իրական քաղաքականության և աշխարհաքաղաքական շահերի հետ: Պետությունները սկսում են վերանայել իրենց արտաքին քաղաքականությունն ու պարտավորությունները միջազգային կազմակերպությունների հանդեպ: Արդյունքում, ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին այդքան տարփողված սկզբունքները շատ հաճախ ստանում են նոր մեկնաբանություններ՝ հանգեցնելով միջազգային հարաբերությունների ընդունված կանոնների  մերժմանը կամ փոփոխությանը: 

Պետությունների միջև պայքար է ընթանում ոչ միայն բնական ռեսուրսներին տիրանալու, այլև արժեհամակարգերի պարտադրման, իսկ փոքր պետությունների դեպքում՝ սեփական արժեհամակարգի պահպանման համար: Մենք՝ հանրապետականներս, որպես ազգային պահպանողական կուսակցություն, ունենք մեր հաստատուն արժեհամակարգը, աշխարհայացքը և մեր հավատամքը, որը մեր ծրագրում  հստակ ամրագրված է: Ըստ այդմ՝  ՀՀԿ աշխարհայացքն ու գործունեությունը բխում են Ազգի և Հայրենիքի հավիտենականության գաղափարներից, և որ Հայ ազգի գերագույն նպատակը հարատևումն է Հայրենիքում, հաստատումը իր կենսական ուժի, ստեղծագործ հանճարի ու ազատ կամքի: 

Աշխարհաքաղաքական զարգացումները,  մեր շուրջը տեղի ունեցող սարսափելի պատերազմներն ու պարտադրված օտար արժեքների դեմ ազգերի անհաշտ պայքարը հերթական անգամ ապացուցում են, որ  ազգայինը համամարդկային է,  պահպանողականությունն արդիական է, արարչականը իրականն է։ Սա հավերժ պայքար է, որտեղ տանուլ տվողը մնում է միայն պատմության դասագրքերում հիշատակվող երբևէ գոյություն ունեցած ազգ և պետություն: 

Խաղաղության շղարշի տակ թաքնված՝ գաղտնի բովանդակությամբ կասկածելի բանակցությունների հետևանք պայմանագրից հիմա էլ համաձայնագիր դարձած թղթի վերաբերյալ մեր կուսակցության Գործադիր մարմինը պաշտոնապես իր դիրքորոշումը հայտնել է՝ արվել է հրապարակային հայտարարություն: Կրկնելու հարկ չկա: Միայն հավելեմ, որ «խաղաղության համաձայնագիր»  բառակապակցության երկու մասերն էլ, մեղմ ասած, վիճելի են, մոլորեցնող  և իրականությունից հեռու։  Չմոռանանք նաև, որ համաձայնագիրը պետք է ունենա առնվազն երկու կողմ, իսկ այսօրվա գործընթացում միայն մեկ կողմ է երևում՝ Ադրբեջանը, որը գերիշխող դիրքից բացահայտ և քայլ առ քայլ  իր պայմաններն է թելադրում: Ակնհայտ է, որ նույնիսկ այս իրավիճակում առկա են ծանրակշիռ դիվանագիտական հիմնավորումներ հայկական կողմի շահերը պաշտպանելու համար։

Հիմնավորումները կան, պաշտպանողը չկա։  Ակնհայտ է, որ այս  գործընթացը ոչ թե «խաղաղության», այլ Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շարունակման մասին է։ Եվ միանշանակ է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը: Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։ 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդամենը օրեր առաջ արձագանքելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ կոչվող հիմնարկի վերջին մեկնաբանությանը, վերահաստատեց իր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, որքան էլ կապիտուլյանտ վարչախումբը ձայնակցելով Ադրբեջանին՝ այդպես ներկայացնի: Դա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով այլևս անթաքույց տարվող արցախուրաց քաղաքականություն: 

Այսօր Հայաստանի կառավարիչները փորձում են մեզ համոզել, որ Արցախի կորուստը «խաղաղության» գինն է: Սա ստի հանճարեղ օրինակ է: Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն. խոստացան խաղաղություն՝ ստացանք պատերազմ, խոստացան բարեկեցություն՝ ստացանք արտագաղթ, խոստացան պաշտպանել Արցախը՝ հանձնեցին Արցախը: Այսքանից հետո սրանք նույնիսկ կարողանում են նայել մեր աչքերին և ասել, որ ամեն ինչ ճիշտ է արվում, որ իրենք իրենց  ծրագրով առաջ են գնում: Մի հարցնող լինի՝ այդ ո՞ր ծրագրով՝ ազգային աղետի՞: Ինչ խոսք, այդ ծրագիրը կատարվում է 100%-ով: 

Բայց դա ոչինչ, կարևորը, այսպես ասած, «խաղաղությունն» է: Հանգիստ ապրեք, սիրելի՛ հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները «հանուն խաղաղության» չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա: Եթե մի օր լսեք, որ ձեր գյուղն Ադրբեջանի տարածքում է, մի անհանգստացեք: Դա պարզապես այս «խաղաղարար» իշխանության հերթական «հաջողությունն» է:

Պատերազմով մարդկանց վախեցնելով, մեր երկիրն իրենը համարող թշնամու հետ առևտուր անելու, ճանապարհներ բացելու, բարեկեցությունը բարձրացնելու  սուտ խոստումներով արդարացնում են հերթական դավաճանությունը: Ես չեմ հավատում, որ այս պայմաններում տնտեսական կապերը և առևտուրը խաղաղ  համակեցության երաշխիքներ են։ Այդպես կարող են մտածել միայն մարդկության պատմությանը և ներկա համաշխարհային վիճակին անծանոթ մարդիկ։  Օրինակ, Միացյալ Թագավորությունը դուրս եկավ ԵՄ-ից՝ անտեսելով տնտեսական շահերը և հնարավոր կորուստները։

Նույն Միացյալ Թագավորությունում Շոտլանդիայի անկախացման մղումներն ուժեղ են՝ չնայած Լոնդոնի հետ տնտեսական կապերին։ Բելգիայի ներսում Ֆլանդրիան ունի անջատողական  ուժեղ միտումներ, թեպետ փաստացի ԵՄ-ի սրտում է։ Կամ դիտարկենք ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող լարվածությունը, թեև այդ զույգն է համաշխարհային տնտեսության առաջատարը և ամենափոխկապակցվածը։ Հետևությունները թողնում եմ մեր ժողովրդին։ 

Այս տարի նախատեսված է ՀՀԿ հերթական համագումարի անցկացումը, որի ընթացքում մենք հնարավորություն կունենանք առավել մանրամասն քննարկելու մեր ծրագրերը, օրակարգի շրջանակներում վերլուծելու իրականացված աշխատանքը, վերհանելու խնդիրները և թերությունները։ Իսկ այսօր,  խորհրդի հոբելյանական նիստի ավարտին, մենք խորհրդի հաստատմանը կներկայացնենք Գործադիր մարմնի կողմից ներկայացված ՀՀԿ ուղերձի առաջարկը։ 

Ակնհայտ է, որ ժամանակակից ժողովրդավարությունը ամենուր խարսխված է կայուն կուսակցական համակարգի վրա, որտեղ առաջնայինը ծրագրերն են, այլ ոչ թե անհատները: Մարդկությունը դեռ ժողովրդավարական կառավարման արդյունավետ այլ համակարգ չի հնարել: Ցավոք, այսօր մեր երկրում կուսակցությունների վարկանիշը բավական ցածր է, ապատիկ վիճակում գտնվող հասարակության մի զգալի մասը  կորցրել է հավատը քաղաքական ուժերի նկատմամբ և չի վստահում վերջիններիս: Հասարակության սպասումներն ու չարդարացված  ակնկալիքներն իրենց պատճառներն ունեն, որոնք մեկ այլ և խոր անդրադարձի թեմա են: Մի առիթով ես այս երևույթին ավելի հանգամանորեն կանդրադառնամ: Փաստ է, որ առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ՝ առանց բացառության, այսօր ի զորու չէ հասարակության մոբիլիզացիա ապահովել Հայաստանում փոփոխություն իրականացնելու համար: Սա ցավով եմ ասում: Եվ որպես այդ քաղաքական ուժերից մեկը, մենք պարտավոր ենք հետևություններ անել:

 Ինչպես նշեցի, քանի դեռ ժողովրդավարական կառավարման այլ համակարգ աշխարհում գոյություն չունի, կուսակցությունները պետք է ձգտեն բարձրացնել իրենց վարկանիշը հասարակության շրջանում: Այս խնդիրը նաև մեր առջև է դրված: 

Գիտեմ, որ ժամանակն անցնում է, վտանգները գնալով ավելի առարկայական են դառնում, իսկ մարդիկ հոգնել են խոսքեր ու խոստումներ լսելուց, անարդյունավետ պայքարից և ուզում են արդյունք տեսնել:  Գիտեք, Պրուսիայի համար ծանր օրերին կանցլեր Բիսմարկը գերմանացի ժողովրդին «արյուն և երկաթ» էր առաջարկում, Միացյալ Թագավորության համար օրհասական պահին վարչապետ Չերչիլը՝ «քրտինք, արցունք, արյուն և ծանր աշխատանք»։ 

Որպես ՀՀ երրորդ նախագահ և Հանրապետական կուսակցության ղեկավար, ես վստահաբար ասում եմ, որ ամենից առաջ այսօր մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են պատվախնդրություն և հավատ, առաջին հերթին՝ սեփական ուժերի նկատմամբ։ Մենք իրավունք չունենք հուսահատվելու, հոգնելու, առավել ևս՝ ապրելու մեր սովորական, բնականոն կյանքով, քանի դեռ մեր երկրի ու ժողովրդի համար գոյաբանական վտանգը չենք չեզոքացրել հետևողական, համառ, ծանր աշխատանքի արդյունքում: Ոչ մի ժողովուրդ առանց այս ճանապարհն անցնելու հաջողության չի հասել:

Հոբելյանի առթիվ այսօր միմյանց շնորհավորելու փոխարեն, սիրելի՛ հանրապետականներ, պարզապես խոստանանք միմյանց և մեր ժողովրդին, որ պատվախնդրությամբ և հավատով հաղթահարելու ենք մեր սերնդին բաժին հասած այս փորձությունը ևս, որքան էլ այն ծանր լինի:

Եվ թող Աստծո օրհնությամբ հաջողությունը ուղեկից լինի մեզ:

Մեր պետության և ժողովրդի համար վճռորոշ այս ժամանակաշրջանում Համո Սահյանի դիպուկ մի արտահայտությամբ կամփոփեմ խոսքս. «Ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»,- ասվում է Սարգսյանի ելույթում: