«Սահմանադրական դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի մասին օրենքը հակասահմանադրական չի համարել, երկու կարգավորումներ է մեկնաբանել և ըստ էության իրավակիրառ պրակտիկային հուշել է, որ այս կանոնակարգումների պարագայում պետք է առաջնորդվել այն մեկնաբանությամբ, որը տվել է ՍԴ–ն»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հնարավո՞ր է, որ ապօրինի գույքին առնչվող գործերը վերանայվեն։
«Սահմանադրական դատարանը հրապարակել է միայն եզրափակիչ մասը, երբ հասանելի կլինի ամբողջական տեքստը, հնարավոր կլինի պատասխանել մնացած հարցերին»,–հավելեց նա։
Ճշգրտող հարցին, եթե անձը 1991 թվականից պաշտոն է զբաղեցրել և որոշակի գույքի է տիրապետում, բայց այս պահի դրությամբ պաշտոն չունի, այդ անձի գույքը ենթակա՞ է բռնագանձման, պատգամավորը պատասխանեց.
«Ցանկացած առանձին դեպք առանձին ուսումնասիրությունների կարիք ունի։ Բացի այդ, օրենքի հիմքում դրվել է հետևյալը. գույքը ի սկզբանե պետք է ապօրինի ծագում ենթադրի։ Եթե ապօրնի ծագումն առկա է, և ծագումը փոխկապակցված է անձին, որը ծավալած ապօրինի գործունեությանն անհամատեղելի պաշտոն է զբաղեցրել, ապա գույքը պետք է վերադարձվի իրական սեփականատիրոջը։ Բայց որպեսզի կարողանանք վերջնական դիրքորոշում արտահայտել ՍԴ–ի կողմից կայացված որոշման մասին, պետք է ամբողջական տեքստն ունենանք»։
Վլադիմիր Վարդանյանի խոսքով ՍԴ–ն տվել է որոշակի չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն իրավակիրառներն ապօրինի գույքն ու այն սուբյեկտներին իդենտիֆիկացնելու, որոնց առնչվում է օրենքը։
Անդրադառնալով երդվյալ ատենակալների ինստիտուտի ներառման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, և պատասխանելով լրագրողի հարցին, թե ովքեր կարող են լինել երդվյալ ատենակալներ և ինչ ազդեցություն կարող են ունենալ դատավարության վրա, պատգամավորն ասաց.
«Եթե ԱՄՆ–ի օրինակն ենք փորձում վերլուծել, ապա երդվյալներն ընտրվում են կողմերի կողմից։ Նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության կամ անմեղության հարցը։ Նրանք են իրականացնում այդ մասով արդարադատությունը, մնացած հարցերը, ըստ էության, կարգավորվում են դատարանի կողմից։ Երդվյալ ատենակալները, որպես կանոն չպետք է նախկինում դատված լինեն, որոշակի փոխկապակցվածություն ուեննա կողմերի հետ։ 1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանդրության մեջ սահմանվում էր հնարավորություն երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն իրականացնելու։ Սա նոր քննարկում չէ»։











