Վայրի կապուցին կապիկներն առևանգում են կռնչակապիկների (Alouatta palliata coibensis) ձագերին, նրանց նստեցնում իրենց մեջքին և ման ածում: Այս միտումը, որը սկսվել է մեկ արուից, տարածվել է խմբի մյուս անդամների վրա և 2022 թվականից ի վեր հանգեցրել է առնվազն չորս նորածնի մահվան։
Աննախադեպ վարքագիծը ֆիքսվել է Պանամայի ափերի մերձակա Խիկարոն կղզում տեղադրված տեսախցիկների միջոցով։
Պանամական սպիտակադեմ կապուցինները (Cebus imitator) Կենտրոնական Ամերիկայի անտառներում խմբերով ապրող սոցիալական կապիկներ են։ Կապիկները խելացի են և արագ են սովորում, ուստի նրանց հետևում էին շարժման սենսորով տեսախցիկներով՝ գործիքների օգտագործումը ուսումնասիրելու համար։
Այս տարօրինակ վարքագիծն առաջին անգամ նկատվել է 2022 թվականի հունվարին, երբ երիտասարդ արու կապուցիններից մեկը, որին հետազոտողները Ջոքեր անունն են կնքել՝ Բեթմենի կերպարի անունով՝ բերանի մոտ եղած սպիի պատճառով, մեջքին կռնչակապիկի ձագ էր կրում։ Հաջորդող ամիսներին Ջոքերին ինը օրվա ընթացքում տեսել են չորս տարբեր կռնչակապիկի ձագերի գրկած ման ածելիս։
Եվ շուտով այս վարքագիծը սկսել է զարգանալ։ Այդ տարվա սեպտեմբերին տեսախցիկներն արձանագրել են ևս չորս երիտասարդ արու կապուչինների, որոնք մի քանի օր անընդմեջ կռնչակապիկների ձագերին մեջքին ման էին ածում։ Գիտնականները Current Biology հանդեսում հրապարակված հետազոտության մեջ հայտնում են, որ ընդհանուր առմամբ կռնչակապիկի 11 ձագ է նկատվել։
Անհայտ է, թե ինչպես են կապուցինները բռնել նորածին կապիկներին, քանի որ դա տեղի է ունեցել տեսախցիկներից հեռու, սակայն հետազոտողները կարծում են, որ կապուցինները նրանց խլել են չափահաս կռնչակապիկներից:
Առևանգված կռնչակապիկների ձագերը սկզբում առողջ էին թվում, բայց շատ փոքր էին և գոյատևելու համար մայրական կաթի կարիք ունեին։ Գիտնականները պարզել են, որ առևանգումից մի քանի օր անց նրանց առողջությունը վատթարացել է, և նրանցից առնվազն չորսը մահացել են, ամենայն հավանականությամբ, թերսնուցումից։











