Խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքում ընթացող «Երեւանյան երկխոսության» բացման ժամանակ։
Փաշինյանը հիշեցրել է, որ Երեւանին եւ Բաքվին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը։ Բանակցություններն ավարտվել են, Հայաստանը եւ անձամբ ես հայտնել եմ, որ պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը, հայտնել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ Ադրբեջանը պաշտոնապես խաղաղության պայմանագրի ստորագրումը կապում է երկու հարցի հետ. առաջինը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, որը ստեղծվել է բանակցային հարթակ ծառայելու համար։ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հայկական կողմի համար ընդունելի է, բայց պետք է վստահ լինել, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը, որ իրենց նպատակը հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելը չէ։ «Ցավոք, վերջին տարիներին Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքի մոտավորապես 60 տոկոսը սկսել է անվանել «Արեւմտյան Ադրբեջան»։ Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան»,- նշել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ Երեւանն առաջարկում է ստորագրել միանգամից երկու փաստաթուղթ՝ խաղաղության պայմանագիր եւ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով։
Երկրորդ հարցը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը։ «Պարզ է, որ կողմերը չպետք է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ունենան, բայց եկեք հասկանանք. արդյո՞ք ՀՀ-ն նման պահանջներ ունի Սահմանադրությունում»,- շարունակել է Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ սա լուծելու միակ իրավասուն ՀՀ Սահմանադրական դատարան է։ Անցած տարի ՍԴ քննարկմանն է ներկայացվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգը, փաստաթուղն ստացել է դրական արձագանք։ Փաշինյանի խոսքով՝ դա թույլ է տալիս ենթադրել, որ նույնիսկ խաղաղ համաձայնագրի դեպքում ՍԴ պատասխանը դրական է լինելու։ Փաշինյանը նշել է, որ թե՛ կանոնակարգը, թե՛ համաձայնագիրը հիմնված են Ալմաթիի հռչակագրի վրա։ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ներկաներին ներկայացնել հռչակագրի բովանդակությունը, որով վերջ է դրվել ԽՍՀՄ գոյությանը եւ ստեղծվել են անկախ հանրապետություններ, իսկ նրանց միջեւ վարչական սահմանները վերածվել են պետական սահմանների։ «Սահմանադրական դատարանը գտել է, որ հռչակագիրը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որեւէ մեկի նկատմամբ»,- հայտնել է վարչապետը։
«Կա եւս մեկ դրույթ, որով կողմերը հայտարարում են, որ տարածքային պահանջներ չունեն եւ ապագայում չեն ներկայացնելու, այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել հաշտության պայմանագրի նախագծում, որ տարածքային պահանջներ չկան, մյուս դրույթն այն է, որ կողմերը չեն կարող օգտագործել իրենց սեփական օրենսդրությունը պայմանագիրը չկատարելու համար։ Համաձայն ՀՀ օրենսդրության՝ պայմանագիրը պետք է կնքի Սահմանադրական դատարանը։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, թեեւ պետք է ասեմ, որ հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ նախորդ որոշումից հետո դժվար թե ՍԴ-ն նման որոշում կայացնի, անսովոր իրավիճակ կստեղծվի։ Ո՞րն է լինելու իմ եւ ՀՀ դիրքորոշումը։ Ես սահմանադրական բարեփոխումներ եմ նախաձեռնում, քանի որ խաղաղ գործընթացն ու համաձայնագիրը չի կարելի բաց թողնել։ Եկեք համոզենք հասարակությանը փոփոխություններ կատարել՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է, ապա ոչ մի խոչընդոտ չի լինի այն վավերացնելու համար Ազգային ժողով ուղարկելու համար։ Այնուհետեւ փաստաթուղթը կստանա ՀՀ-ում ամենաբարձր իրավական ուժը։ Համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի, որը ենթադրում է, որ ներպետական օրենսդրության հետ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները։ Համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք կարող է ունենալ Ադրբեջանը։ Նրանց մտահոգությունները լուծելու ճանապարհը պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե այն ստորագրելուց հրաժարվելը։ 100 տոկոսով վստահ եղեք, որ բոլոր վախերը կփարատվեն, դրա համար պետք է ստորագրել: Սա է մեր հիմնական ուղերձը»,- նշել է Փաշինյանը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սահմանադրությունը որոշակի տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ «Բայց մենք այդ հարցը չենք բարձրացրել, քանի որ կարծում էինք, որ համաձայնագրի ստորագրման ժամանակ հարցը կլուծվի»,- ավելացրել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ որոշ փորձագետներ կարծում են, որ Ադրբեջանը փորձում է հետաձգել ստորագրումը։ «Համաձայնագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները, ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ Ադրբեջանի համար, պետք է կենտրոնանալ ստորագրման վրա։ «Ես, մեր կառավարությունը եւ քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվել եւ ստանձնել պատասխանատվության մեր բաժինը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- հայտնել է Փաշինյանը։
Որպես արդեն ձեռք բերված հաջողություն նա ցուցադրել է 12,7 կիլոմետր երկարությամբ սահմանազատված սահմանի տեղամասը, որտեղ կան «խաղաղություն եւ անվտանգության երաշխիքներ»։











