Հայաստանը փորձեց գործել տարբեր հարթակներում, բայց անընդհատ պարտություններ կրեց։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գրիգոր Բալասանյանը։

Նա նշել է, որ Հայաստանը փորձել է օգտագործել Պրահայի հարթակը՝ հույս ունենալով, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու դիմաց իրավիճակը կբարելավվի։ Սակայն այդ ակնկալիքները չարդարացան՝ կյանքը ոչ միայն չլավացավ, այլ որոշ ուղղություններով էլ ավելի վատթարացավ։ Նրա խոսքով՝ հայկական կողմը համաձայնություն տվեց եվրոպացի դիտորդների տեղակայմանը՝ սահմանային վերահսկողության նպատակով, ինչից հետո Տավուշի հատվածում սկսվեց սահմանազատման գործընթաց։ Սակայն դիտորդները փոխեցին իրենց նախնական երթուղին՝ Դիլիջանի և Վանաձորի փոխարեն նախընտրելով անցնել Նոյեմբերյանով, քանի որ Իջևանի սահմանազատման հատվածը նրանց կողմից ճանաչվել էր որպես վիճելի։ Բալասանյանը նշեց, որ Հայաստանը հրաժարվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության պայմաններից և փորձեց այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն, ինչպես պարզվեց՝ նոր առաջարկված տարբերակը ավելի վատն էր։ Դրանում Հայաստանը ամբողջությամբ զրկվում է երթուղու նկատմամբ վերահսկողությունից, մինչդեռ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվում էր, որ յուրաքանչյուր երկիր վերահսկում է այն ճանապարհահատվածները, որն անցնում է իր տարածքով։ Նրա գնահատմամբ՝ այս նախագիծն ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի երթուղուն՝ այն հետաքրքրություն է ներկայացնում առնվազն երեք կողմի համար։ Նախ, դա ԱՄՆ-Իսրայել զույգն է, քանի որ նրանց համար չափազանց կարևոր է վերահսկողություն հաստատել Հայաստանի և Իրանի միջև սահմանի վրա, քանի որ նրանք լրջորեն քննարկում են Իսլամական Հանրապետության դեմ ապագա պատերազմի հնարավորությունը։ Երկրորդ՝ դա Թուրքիան է, որը աննկատ և հետևողականորեն առաջ է մղում «Մեծ Թուրան» նախագիծը։ Եվ երրորդ՝ դա Ֆրանսիան է։ Նրան անհրաժեշտ է ղազախական ուրանը։ Մակրոնը չի կարող այս մասին բացահայտ խոսել, քանի որ Ֆրանսիան միշտ ընկալվել է որպես բարեկամ երկիր։ Հաշվի առնելով այս ամենը, մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել երկու տարբերակի միջև և ընտրել չարյաց փոքրագույնը», - ասաց փորձագետը։

Նրա կարծիքով՝ երթուղու վերահսկողությունը փոխանցելու առաջարկը մերժելու մասին իշխող կուսակցության պատգամավոր Արման Եղոյանի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը ազդանշան է ստացել Հյուսիսից: Նա նաև մատնանշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ալթայում արված հայտարարությունը, որ Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից՝ հավելելով, որ դա նշանակում է ՀԱՊԿ-ում անդամակցության պահպանում: Նրա խոսքով՝ Ալթայ մեկնելուց առաջ Փաշինյանը որոշակի ուղերձներ է ստացել և դրանից հետո Դոնալդ Թրամփից ստացված առաջարկը կորցրել է իր արդիականությունը: «Այս պահին իրավիճակը հետևյալն է՝ կամ երթուղիները կբացվեն նոյեմբերի 9-ի հայտարարության պայմաններին համապատասխան, կամ ընդհանրապես չեն բացվի», - կարծում է փորձագետը:

Բացի այդ, նա հիշեցրեց, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, մտնում է միասնական մաքսային գոտու կազմի մեջ, իսկ դա նշանակում է, որ հայկական անցակետը, փաստորեն, նաև ԵԱՏՄ-ի անցակետն է։ Այս համատեքստում Գրիգոր Բալասանյանը նկատեց. «Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը երբեք դուրս չի գա ԵԱՏՄ-ից, նաև ենթադրում է, որ երթուղու արտաքին կառավարման որևէ փոխանցում տեղի չի ունենա»։