Ղարաբաղից եմ, Արմանի հրամանատարն եմ եղել, Հոռաթաղի զորամասում, քիչ ենք իրար հետ ծառայել, բայց ամեն դեպքում այն ամենադրական, ամենամեծ ու հաճելի լիցքերը հասցրել եմ ստանալ. հոյակապ անձնավորություն, նվիրված, զինվորական, ժամկետային զինծառայող էր, պետք է դառնալ պայմանագրային, ու չհասցրեց. ցավոք սրտի ճակատագիրը, այլ բան էր նախատեսել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արմանի շիրիմի մոտ մեզ հետ զրույցում նշեց հրամանատար Քաջիկ Կասյանը։
Անդրադառնալով 2023–ի սեպտեմբերի 19–ի մասին, նա նշեց. «Այդ օրը Արմանի հետ չեմ եղել, ես ինձ վստահված հատվածում եմ եղել, Արմանն էլ իրենց ստորաբաժանմանը վստահված գոտում է եղել։ Որ ասենք՝ անսպասելի է եղել, չէ, արդեն հոտը գալիս էր, այ էդ վիճակն էր, զգում էինք, որ պետք է մի բան լիներ։ Չչեմ կարող ասել, որ բոլորի մոտ էդ զգացողությունը կար, թե չկար, ես միշտ զգում էի, որ երկար չի կարող սենց շարունակվի։ Դժվար է իրոք, նայում ենք նկարները շիրմաքարերի, շատ-շատերին ենք ճանաչում։
Հույս կորցնել պետք չի, բայց պետք է մի քիչ իրատեսական լինենք, գոնե այն, ինչ որ մնացել է, այդքանը պիտի պահվի։ Ես հիմա էլ եմ ծառայում, սա էլ է մերը, միանշանակ։ Ես Արցախից եմ, ու ամեն անգամ գալով Եռաբլուր, մեր զոհված ընկերների գերեզմաններին, հասկանում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, որ մնացել եմ ու ծառայում եմ, գոնե իրենց խաթր։ Ըստ իս, գոնե այդ տղերքի խաթր, պետք է ծառայել։
Ամենամեծ ցավը, ամենամեծ կորուստը ինձ համար եղել է ոչ իմ բնակարանի կորուստը, ոչ մի բան, բացի մեր ընկերների, մեր եղբայրների, մեր հայրերի, մեր հարազատների գերեզմաններից։ Իրանք արժանի չէին, որ այսպես լիներ, իրենք իրենց ամենաթանկն են տվել։
Մեր հայ ազգը մի քիչ բան է, ասեմ են՝ տունը, տեղը թողեցինք, բայց այդ ամեն ինչը երկրորդական է։ Հավատացած եղեք, որ երբ բազում անգամներ նայում ես մահվան աչքերին, շատ-շատ բաներ երկրորդական են դառնում։ Ամենակարևորը մեր տղերքի գերեզմաններն է»,–ասաց նա։
հարցին՝ հավատո՞ւմ եք Արցախ վերադարձին, հրամանատար Կասյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ, որովհետև այդ հարցը կոնկրետ մեր այս իրավիճակում, վտանգավոր հարց է։ Կարելի է բարձր բաժակաճառեր ասել, հայրենասիրությունից խոսել, ու ամեն մի Արցախի հետ կապված բառի վերջում «ս» ավելացնել՝ Արցախս, Մարտունիս, Ստեփանակերտս, ու տենց շարունակ, բայց գործով կատարել զրո գործ, ու ավելի շատ վնասել, քան թե օգուտ տալ։
Ամեն մեկս էլ որպես մարդ պարտավոր ենք ուզենանք, բայց մի հարց կա, լավ, սաղս ասեցինք՝ ուզում ենք, սաղս կանգնեցինք ասեցինք՝ գնում ենք,բայց էդ ուզելն էլ պետք է մի քիչ հասկանանք՝ ոնց ենք ուզում լինի։ Այսօր խոսքը գործ չի էլի, ավելի շատ գործն է գործ»։
Կրկին հիշելով Արմանին և մյուս նահատակ զինվորներին, Քաջիկ կասյան ասաց. «Հույս ունեմ՝ մեզ շատ չեն մեղադրում, հույս ունեմ, որ Արմանը մեզ շատ չի մեղադրում։ Մեծ հաշվով, այն, ինչի համար իրենք պայքարել են, մենք այդ ամեն ինչը, մի օրվա մեջ, մի վայրկյանվա մեջ փակեցինք այդ էջը ու թևափոխեցինք նոր էջ՝ մի տեղ էլ մեզ արդարացնելով, որ իրենց հարազատների, մեր հարազատների համար ենք այդ ամեն ինչը անում։
Ամեն դեպքում, ով որ հեշտ ասում է՝ թողեցին, եկան, ինքը չի կարող իրեն իրավունք վերապահել, ոչ մեկը, ով ուզում է լինի։ Այն մարդը, ով եղել է այնտեղ, այդ մարդիկ կարողեն այդպես խոսել։ Ամեն դեպքում դժվար է բոլորի համար, առավել ևս մեր զոհված տղերքի ծնողների, տիկնանց, իրենց երեխաների համար, բոլորին համբերություն ենք մաղթում»,– իր խոսքն ամփոփեց հրամանատարը։











