Չինաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 14-ից Չինաստանը հատուկ նավահանգստային վճար կսահմանի ամերիկյան նավերի համար։

Նախարարության պաշտոնական կայքում ուրբաթ տեղադրված հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 14-ից սկսած Չինաստանը հատուկ նավահանգստային վճար կսահմանի ամերիկյան ընկերությունների սեփականություն համարվող կամ նրանց կողմից շահագործվող նավերի, ինչպես նաեւ այն նավերի համար, որոնցում ամերիկյան ընկերությունները, այլ կազմակերպությունները կամ անհատներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են բաժնետոմսերի 25 կամ ավելի տոկոսին։ «Սկսած 2025թ․ հոկտեմբերի 14-ից՝ կգանձվի 400 յուան ​​(մոտ 56 դոլար) վճար մեկ նետո տոննայի համար, սկսած 2026թ․ ապրիլի 17-ից՝ կգանձվի 640 յուան ​​(մոտ 89 դոլար) վճար մեկ նետո տոննայի համար, սկսած 2027թ․ ապրիլի 17-ից՝ կգանձվի 880 յուան ​​(մոտ 123 դոլար - խմբ.) վճար մեկ նետո տոննայի համար, իսկ սկսած 2028թ․ ապրիլի 17-ից կգանձվի 1 120 յուան ​​(մոտ 157 դոլար) վճար մեկ նետո տոննայի համար»,- նշվել է հայտարարության մեջ։

Նշվել է, որ եթե նավը մեկ նավարկության ընթացքում կանգ է առնում Չինաստանի մի քանի նավահանգիստներում, ապա հատուկ նավահանգստային վճարը կվճարվի միայն առաջին կանգառի նավահանգստում։

Գերատեսչությունում շեշտել են, որ այս միջոցառումները ԱՄՆ-ի կողմից չինական նավերի համար նավահանգստային վճարների ներդրման պատասխանն են։