Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կպարգևատրի Պատվավոր նախագահական մեդալով՝ Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու ջանքերի համար, հայտարարել է Հերցոգի գրասենյակը։

«Նախագահ Իցհակ Հերցոգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կպարգևատրի քաղաքացիական ամենաբարձր պարգևով՝ Իսրայելի նախագահի պատվո մեդալով՝ ի նշան պատանդներին տուն վերադարձնելու նրա ջանքերի», - ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ պարգևը արտացոլում է «նախագահ Թրամփի՝ Իսրայել պետությանը ցուցաբերած ամուր և անսասան աջակցությունը, Իսրայելի անվտանգության և քաղաքացիների բարեկեցության գործում նրա եզակի ներդրումը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը խաղաղության և համագործակցության դարաշրջան տանելու նրա հանձնառությունը»։

Նախագահ Հերցոգը, ինչպես սպասվում է, այդ որոշման մասին պաշտոնապես կտեղեկացնի նախագահ Թրամփին երկուշաբթի օրը՝ Իսրայելի խորհրդարանում նրանց հանդիպման ժամանակ։

«Մեդալը Իսրայելի նախագահի կողմից կհանձնվի մոտակա ամիսներին։ Արարողության ժամանակը և վայրը կորոշվեն ավելի ուշ», – հավելել են նախագահի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածի հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ։ Առաջին փուլով ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելը իր զորքերը կհանի մինչև հատվածի ներսում պայմանավորված սահմանը և հարյուրավոր պաղեստինցիների կազատի իսրայելական բանտերից, ներառյալ ահաբեկչության համար ցմահ դատապարտված բազմաթիվ անձանց։