Իսկ ի՞նչ, անկլավների թեման գաղտնի՞ք է։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ «կան տեղեր, որտեղ մենք (Հայաստանը – խմբ.) ենք առաջ, կան տեղեր, որտեղ նրանք (Ադրբեջանը – խմբ.) են առաջ (սահմանից – խմբ.)»։
Նա հավելել է, որ ադրբեջանցի պաշտոնյաներն էլ են ասում, թե Հայաստանի տարածքներ ունեն իրենց վերահսկողության տակ։ Սիմոնյանը հայտնել է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը շարունակվում է՝ կրկնելով, որ Կիրանցում դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը «սահման է ստացել»։
«Ոչ մի քարտեզագիր չի կարող ասել Հայաստանի օկուպացված տարածքների ճշգրիտ թիվը։ Իրականությանը ամենամոտ թիվը այն է, որը ես ավելի վաղ էի հնչեցրել»,- նշել է նա։
Սիմոնյանը նաև ողջունել է Ալիևի հայտարարությունը՝ ղազախական ցորենը Ադրբեջանի միջոցով Հայաստան տարանցելու վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ երբ խոսում են Խաղաղության և բարգավաճման խաչմերուկի (TRIPP) մասին, ապա խոսքը միայն մեկ ճանապարհի մասին չէ։ «Օրինակ, որևէ մալուխ կարող է անցնել այդ ճանապարհից 100 կմ հեռու, որևէ գազատար կարող է անցնել մեկ այլ ճանապարհով»,- եզրափակել է Սիմոնյանը։











