Ինչպես 2021 թվականին, 2026 թվականի ընտրություններում կրկին հաղթելու է ժողովուրդը և ժողովուրդը կորոշի ով է լինելու մեր երկրի իշխանությունը մոտակա հինգ տարիներին, ի հեճուկս և ի հակադրում այն բոլոր ցանկությունների և պնդումների, որ ժողովուրդը լավ որոշող չէ, ժողովուրդը չի հասկանում՝ ում է ընտրում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք մեր կատարած աշխատանքով, մեր ծրագրով և իրական Հայաստանի խաղաղության տեսլականով այնպիսի վստահություն ենք վայելում մեր ժողովրդի շրջանում, որ մենք հաղթելու ենք ընտրություններում»,–ասաց նա։

Անդրադառնալով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի՝ նոյեմբերի 16-ին սպասվող ընտրություններին՝ Թորոսյանը կարծիք հայտնեց, թե իշխող ուժի մրցակից քաղաքական ուժերը և՛ գաղափարներով, և՛ իրենց դիրքավորումով չեն տարբերվում խորհրդարանական ընդդիմության դիրքավորումից ու գաղափարներից, որոնք դեմ են այն ամեն դրականին, որ տեղի է ունենում հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքար, խաղաղության հաստատում, տնտեսական զարգացում։

«Վստահ եմ՝ Վաղարշապատի ժողովուրդը կրկին ճիշտ ընտրություն է կատարելու, նաև մեր թեկնածուի անձով պայմանավորված՝ մենք հաղթելու ենք Վաղարշապատի ընտրությունները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին տեղի են ունենալու Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: Դրանք են «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմում «առաջ» և «հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Համահայկական ճակատ» կուսակցությունը: