Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բացատրել է, թե ինչով է տարբերվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիից, հաղորդում է Georgia Online-ը։
«Ինձ անընդհատ մեղադրում են 2011-2012 թվականներին ավելի վճռական չգործելու համար, երբ ես հասկացա Իվանիշվիլիի ներկայացրած սպառնալիքը։ Իրականում, ես ամեն ինչ արեցի ընտրարշավի ժամանակ, որպեսզի մարդկանց բացատրեմ, թե ինչ է սպասվում նրանց, եթե Իվանիշվիլին ընտրվի»,- գրել է Սաակաշվիլին սոցիալական ցանցերում։
Ըստ նրա՝ ինքն և Իվանիշվիլին արմատապես տարբերվում են միմյանցից։
«Ավելին անելը նման կլիներ նրան, որ քո ընկերուհին սիրեր ուրիշին, իսկ դու նրան ծեծեիր, վիրավորեիր ու տանը փակեիր։
Եթե ես Իվանիշվիլիին կանգնեցնեի այլ մեթոդների կիրառելով, դա կնշանակեր նրա նման դառնալ և բռնապետություն հաստատել։
Ես դա չէի անի մի պարզ պատճառով. ես ու Իվանիշվիլին արմատապես տարբերվում ենք։
Նա զրոյական կարեկցանք ունի մարդկանց նկատմամբ, իսկ ես սիրում եմ մարդկանց։ Հետևաբար, ես չէի կարող վարվել այնպես, ինչպես այդ վտանգավոր, չարամիտ մարդը։ Հուսով եմ՝ ինձ կհասկանաք»,- նշել է Սաակաշվիլին։





























