«Ոստիկանությունը Հովհաննավանքում հասարակական կարգ և անվտանգություն է ապահովում, նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվոածությունը միտված է հենց նրան, որ նման իրավիճակները կառավարելիության դաշտում լինեն»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ թեև ոստիկանության մեծաքանակ աշխատակիցներ կային կիրակը օրը Հովհաննավանքի տարածքում, սակայն քաղաքացիները խոչընդոտում էին լրագրողների և օպերատորների աշխատանքը, հայհոյանքներ հնչեցնում, և ոստիկանություն չէր արձագանքում այդ դեպքերին։
«Միջանձնային շփումներով նման խոսակցությունները, բնականաբար, չեն կարող բացառվել։ Եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, զրպարտանք, իր արժանապատվությունը վիրավորվել է, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ, և անձինք կարող են դիմել դրա համար»,–ասաց Սարգսյանը։
Արփինե Սարգսյանը նշեց, որ որքանով ուսումնասիրել են իրավիճակը, ոստիկանությունը, որպես կանոն, պատշաճ կերպով իրականացրել է իր առջև դրված խնդիրները։
«Հիմնականում ոստիկանության գնահատամամբ, որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք վարույթի առևերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել։ Եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարրեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում»,–հավելեց նա՝ շարունակելով պնդել, որ ոստիկանները կատարել են իրենց առջև դրված խնդիրները։
Հարցին՝ արդյոք որևէ սպառալիք տեսնու՞մ էր իշխանությունը Հովհաննավանքում, և այդ պատճառով էր նման մեծ քանակի ոստիկանական ուժեր կենտրոնացրել այնտեղ, Սարսգյանը պատասխանեց.
«Անձանց թվաքանակից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի իրավիճակը լինի ոստիկանության տեսադաշտում և կառավարելիության տիրույթներում»։
Հարցին, թե ինչու՞ են ոստիկանները ուղեկցում կարգալույծ քահանային և հսկողություն իրականացնում նրա տան մոտ, ՆԳ նախարարը պատասխանեց, որ Քննչական կոմիտեն որոշում է կայացրել պաշտպանական միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում և ոստիկաանության աշխատակիցները իրականացնում են այդ որոշումը։




























