Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14/13 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գրող, հրապարակխոս Խաչիկ Մանուկյանը։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն իր քաղաքի զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, մեր ավանդներին տեր լինելու։

«Հանդիպումների ընթացքում ես հստակ տեսա, որ մարդկանց մոտ հավատն է փշրվել, տարիների ընթացքում տեսել են, որ իրենք քվեն ոչինչ չէր որոշում և հիմա էլ նույն տեմպի տակ են մնացել։ Բայց ես կարծում եմ, որ պետք է սթափվենք, պետք է կարողանանք  հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը  պաշտպանելու ենք մենք։ Պետք է մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքին,  հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի ճակատագիրը»,–ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններից հետո այլ ուժերի հետ կոալիցիայի հնարավորություն տեսնում է

Խաչիկ Մանուկյանը կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։