Կիբերանվտանգության մասին օրենքի, հանրային տեղեկությունների մասին օրենքի և Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքի կարգավորման ենթակա են հիմնականում կրիտիկական համարվող ենթակառուցվածքները՝ էներգետիկայի ոլորտ, ջրի ոլորտ, հեռահաղորդակցության ոլորտ և այսպես շարունակ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Այսինքն օրենքով սահմանվել են կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք նախ և առաջ պետք է պաշտպանվեն պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում և կենսական ծառայությունները: Այսինքն այս նոր մարմինը գալիս է ձևավորելու կարողություններ, ունենալու է մանդատ, կիբերպաշտպանական գործողություններ իրականացնել այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգի նկատմամբ, ինչպես նաև կիբերհարձակումների պարագայում կենթարկվեն այդ հարձակումներին նաև կրիտիկական ենթակառուցվածքները, անկախ նրանից դա պետական սեփականություն է, թե մասնավոր հատված։
Եթե մասնավոր ընկերությունները, բիզնեսը շահագործում է կրիտիկական ենթակառուցվածք, բանկային ոլորտը, ՀԷՑ–ը, ջրային ոլորտը և այսպես շարունակ, ապա այստեղ այս կառույցը մասնավոր հատվածի հետ համատեղ ջանքերով պետք է չեզոքացնի կիբերհանցագործության հնարավոր հարձակումները։ Իսկ հարձակումների առկայության պարագայում նվազեցվեն դրանց հետևանքները»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք այս նոր մարմինը զբաղվելու է, օրինակ, այն քաղաքացիներով, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել և մեծ գումարներ կորցրել, Մխիթար Հայրապետյանը բացասական պատասխան տվեց, նշելով, որ դրա համար պետական կառավարման համակարգում կան այլ գերատեսչություններ, Ազգային անվտանգության ծառայությունը, ՆԳՆ–ի կիբերհանցագործությունների համապատասխան ստորաբաժանումը և այլն։
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը բոլոր ՔՊ-ականներին հրավիրել Մարզահամերգային համալիր հանդիպման, ինչին Հայրապետյանն ասաց. «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի. այո կա առիթ, վաղը կիմանաք այդ մասին։ Ճիշտ եմ համարում որ վաղը հնչեցվի այդ մասին»։











