Դեռևս որոշված չէ՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք, Գերաշնորհ Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը կմասնակցի՞ դեկտեմբերի 10-12-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովին, թե ոչ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Պոլսո հայոց պատրիարքարանից։

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Պատրիարքը մի խումբ եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու վերաբերյալ, Պատրիարքարանից չհստակեցրին՝ ասելով, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունեն։

Օրեր առաջ իր առաջին հովվապետական այցով Թուրքիայում գտնվող Հռոմի Լևոն 14-րդ Պապն այցելել էր հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սահակ Պատրիարքի հետ պատարագի մասնակցել, որի ժամանակ ունեցած իր ելույթում կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր ողջույններն ու բարեմաղթանքներն էր հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Այսօր 27 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ տարածված համատեղ հայտարարությամբ իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնել Վեհափառ Հայրապետին։ Մինչ այդ 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ, որոնցից 8-ն օրեր առաջ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պահանջել էին Գարեգին Բ-ի հրաժարականը։