Գյումրու ավագանու «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե պատարագի է մասնակցելու Գյումրիի Սուրբ յոթ վերք եկեղեցում։

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքո՞ւմ: Իսկ Ամարասո՞ւմ: Գանձասարում կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած:

Ի դեպ, Աստված ըստ քեզ ո՞նց է վերաբերվում ուժայիններիդ խիտ ներկայությանը եկեղեցիներում:

Դեկտեմբերի 7-ը քաղաքական «պատարագի» վերածող անհիշողություն, անինքնասեր զանգված, մանդատի համար «ինքնասպաններ», 7 տարում 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չկառուցածին, Աջապահյան Միքայելին կալանավորածին, Գյումրին 2018-ից քաղաքական ավանտյուրաների մեջ մտցրածին աղ ու հացով դիմավորելուց հետո տարեք քյալլա ուտելու: Գլուխ ուտելը իրա սիրած գործն է»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի։ Հիշեցնենք, որ այս պահին քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։