Արգելված (Գուգոնգ) քաղաքն աշխարհի խոշորագույն պալատական ​​համալիրն է և Չինաստանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Գտնվելով Պեկինի սրտում՝ այն գրեթե հինգ դար չինացի կայսրերի Մին և Ցին դինաստիաների նստավայր է ծառայել (ֆոտոռեպորտաժ

Համալիրի կառուցումը սկսվել է 1406 թվականին և տևել է 14 տարի։ Դրա կառուցմանը մասնակցել են երկրի տարբեր ծայրերից ժամանած հարյուր հազարավոր բանվորներ, արհեստավորներ և նկարիչներ։ Պալատը ստեղծվել է իբրև բացարձակ կայսերական իշխանության և ավանդաբար Չինաստանի տիրակալին տրվող երկնային մանդատի խորհրդանիշ։

«Արգելված քաղաք» անվանումը կապում են այն հանգամանքի հետ, որ դարեր շարունակ լայն հանրության համար դրա մուտքն արգելված էր։ Այդ տարածք թույլատրվում մուտք գործել միայն կայսերական ընտանիքի անդամներին և բարձրաստիճան պաշտոնյաներին։

Արգելված քաղաքը զբաղեցնում է մոտավորապես 720 հազար քառակուսի մետր տարածք և ավելի քան 980 շինություն է ներառում։ Ավանդաբար համարվում է, որ պալատն ունի 9999 սենյակ՝ այս թիվն առնչվում է երկնային պալատի մասին առասպելներին։

Համալիրը շրջապատված է ամրոցի բարձր պարսպով և լայն խրամատով։ Ճարտարապետությունը դասական չինական ոճով է՝ կորացված տանիքներ, փորագրված սյուներ, ոսկեզօծ զարդարանքներ և վիշապի խորհրդանիշներ՝ կայսերական իշխանության նշանը։

Պալատի կենտրոնական մասը բաղկացած է երեք հիմնական սրահներից. Գերագույն ներդաշնակության սրահը, որն ամենամեծն ու ամենահանդիսավորն էր, օգտագործվում էր թագադրումների և պետական ​​արարողությունների համար։ Միջին ներդաշնակության սրահն այն վայրն է, որտեղ կայսրը պատրաստվում էր պաշտոնական միջոցառումներին։ Պահպանված ներդաշնակության սրահը օգտագործվում էր բարձրաստիճան պաշտոնյաների խնջույքների և քննությունների համար։

Զբոսաշրջիկները կարող են տեսնել նաև Կայսերական այգին, հարճերի պալատները, գանձարանները և թանգարանային հարուստ ցուցանմուշները։

Այսօր համալիրը Պալատական թանգարան է և բաց է հանրության համար։ Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և համարվում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկը: Ամեն տարի այստեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում։

Արգելված քաղաքը սոսկ պալատ չէ, այլ Չինաստանի հազարամյակների պատմություննը արտացոլող մի ամբողջ աշխարհ։ Այն այցելուներին հնարավորություն է ընձեռում տեսնել, թե ինչպես են ապրել կայսրերը, զգալ հինավուրց քաղաքակրթության մասշտաբները և դիպչել երկրի իրական մշակութային ժառանգությանը։

 Խորեն Գրիգորյանը՝ Պեկինից