Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի հետ հանդիպում չեմ ունեցել, հարկե, սպասելի չէր նրա քայլը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Արցախի ներկայացուցչությունում, կազմակերպված լսումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի լիազորությունները կատարող Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է եպիսկոպոսների հայտարարությանը, որով կաթողիկոսին առաջարկում են հանգստի գնալ։
«Հայ առաքելական եկեղեցին գնահատականը տվել է այդ հանդիպման մասին, և ես գտնում եմ, որ մեր կողմից գնահատականներ տալը այստեղ ավելորդ է։ Պետք է սպասենք Մայր աթոռի հայտարարություններին, թե ինչպես կարձագանքեն և հետագա իրենց քայլերը ինչպես կիրականացնեն»,–ասաց նա։
Աշոտ Դանիելյանն անընդունելի է համարում Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավը. «Պետք է հանգիստ թողնել եկեղեցուն։ Հստակ սահմանադրությունում նշված է, որ պետությունը և եկեղեցին անջատ են, և բոլոր խնդիրները, որ կան եկեղեցում, պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Պետք չի, որ մենք կամ այլ ինչ-որ մարդիկ խառնվեն եկեղեցու գործերին։ Իմ խորհուրդը բոլորին, որոնք նման փորձեր են անում, հետևյալն է՝ հանգիստ թողեք Հայ առաքելական եկեղեցուն, որովհետև եկեղեցին այն միակ համախմբող և 1700 և ավելի տարի այն ինստիտուտն է, երևի աշխարհի վրա ամենահին ինստիտուտներից մեկնէ»։





























