Պետք է հեռանա կաթողիկոսը, թե չպետք է հեռանա, դա առաջ Աստված, կտեսնենք կհեռանա, թե չի հեռանա, բայց սկզբունքները պիտի պահպանվեն բոլոր տեղերում, լինի դա կառավարությունում, լինի Մայր աթոռում, թե ցանկացած այլ կազմակերպությունում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11–ին, կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի՝ կրթության գծով խորհրդական Վահրամ Դումանյանը, ով նախկինում ԿԳՄՍ նախարարն էր։

Ցանկացած կոռեկտ ձևակերպված հարց արժանի է պատասխանի։ Եթե եկեղեցում կամ կաթողիկոսի կամ մեկ այլ հոգևորականի տրվում է կոռեկտ ձևակերպված հարց, այդ հարցը ևս արժանի է ստանալ սպառիչ պատասխան։ Սա որպես սկզբունք։

Հարցին՝ վարչապետին խորհուրդ չի տվե՞լ իր ֆեյսբուքյան գրառումներում կոռեկտ լինել և մասնավորապես եկեղեցականների մասով իրեն թույլ չտա անպարկեշտ արտահայտություններ, օրինակ՝ դոմփել, շինել, պոռնկաբարո սրբազաններ, Դումանյանն ասաց. «Ձեր ձևակերպման մեջ կար ոչ կոռեկտության ենթատեքստ։ Ոչ կոռեկտությունը այն պահն էր, երբ որ վարչապետի գրառումներին տվեց որակավորում։

Նա կոչ արեց հետաքրքրվել այն ֆինանսական,  նյութական արժեքներով, որոնք եկեղեցու տնօրինության տակ են, ի՞նչ ֆինանսական շարժեր են լինում։

Դումանյանը հիշեցրեց, որ դեռ 2021 թվականին, ինքը երկու անգամ հանդիպում է ունեցել կաթողիկոսի հետ և քննարկման առարկան եղել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելճչհանելու թեման. «Հանդիպել եմ եկեղեցու համապատասխան հանձնախմբի հետ, որի ժամանակ ներկա են եղել Արշակ Սրբազանը, Միքայել Աջապահյանը, Շահեն Կարամանուկյանը, ԵՊՀ–ի աստվածաբանության ֆակուլտետի այն ժամանակվա դեկան Անուշավան Սրբազյանը։ Ես դրա մասին հարցազրույց եմ տվել, որը վերնագրված էր. «Եկեղեցին ասաց՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ»։